Կորոնավիրուսի տնտեսական հետևանքերը չեզոքացնելու ծրագրերում համակարգային խնդիրներ կան, այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին պնդեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը` մատնանշելով մի քանիսը: Մասնավորապես, ասում է, հանրային սննդի ոլորտում տեղական տուրքերը շարունակվում են գանձվել, մինչդեռ նրանք որևէ գործունեություն չեն ծավալել:
Բացի այդ, ըստ պատգամավորի` բազաների հետ կապված լուրջ խնդիրներ կան.- «9-րդ ծրագրով մինչև այսօր առկա են դիմումի մերժման հետևյալ հիմքերը. դիմումը մերժվում է, քանի որ բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չի գտնվել, այնինչ ակնհայտ է, որ մարդը հաշվառված է, մուտքագրումը կատարվել է ստույգ, ինչպես նախարարության աշխատակիցներն են հորդորում, բոլոր պրաբելները պահպանելով, բայց և այնպես քաղաքացին չի գտնվում: Հետևաբար, բազաների այս խնդիրը ո՞վ և ինչպե՞ս պետք է լուծի և ե՞րբ»:
Նույն խնդիրներով քաղաքացիներից բողոքներ է ստացել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և կառավարությանը հորդորում է կարգի բերել տվյալների բազան: Նամակներ է ստացել նաև քրեակատարողականներից, կալանավորները դժգոհում են` ինչո՞ւ թույլ չեն տալիս ընտանիքի անդամներից հանձնուքներ ստանալ․- «Հիմա եթե բերդի կողքի պատի բուտկից այդ միրգը կարող են գնել, այդ քաղցրավենիքն իրենց քարտերով կարող են գնել, ի՞նչն է խանգարում, որ թույլ տան` հարազատները նույն միրգը, նույն քաղցրավենիքը որպես հանձնուք հանձնեն»:
Նույնաբովանդակ նամակ է ստացել նաև ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը.- «Գիտեք ի՞նչ, ինձ մոտ տպավորություն է, որ արդարադատության նախարարը խթանում է քրեակատարողական հիմնարկների հարևանությամբ գտնվող խանութների առևտուրը: Եթե դա այդպես չէ, ուրեմն պետք է վերանայեք այդ արգելանքը և հանեք հանձնուքներ ընդունելու արգելանքը»:
ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանի համար անհասկանալի է` եթե հանվել են տնտեսական սահմանափակումների մեծ մասը, ինչո՞ւ չի գործում հանրային տրանսպորտը: Բացատրությունը, թե գործատուն պետք է ապահովի աշխատակցի տեղաշարժը, պատգամավորին հիմնավոր չի թվում, գիտի` շատ գործատուներ այդ կանոնը չեն պահում.- «Տնտեսվարողների բարեխղճության վրա հույս դնելը ուտոպիայի շարքից է, որովհետև բազմաթիվ տնտեսվարողներ, մենք այդ մասին արդեն ունենք ահազանգեր, որ պարզապես հրաժարվում են տրանսպորտով ապահովել իրենց աշխատակիցներին: Չի աշխատում հասարակական տրանսպորտը, մետրոն, և կարծում եմ` դժվար թե այդ աշխատողները հավքի թևով գնան աշխատանքի»:
«Իմ քայլից» արձագանքում են` խնդիրներ իսկապես կան, և դա բնական է, միևնույն ժամանակ իշխող խմբակցության պատգմաավոր Վիկտոր Ենգիբարյանը ասում է` շատ զարգացած երկրներ նախանձով են նայում հայաստանյան փորձին.- «Ես արևմտաեվրոպական երկրներից մեր հայրենակիցների կողմից զանգեր եմ ստանում, որոնք իսկապես նախանձով են վերաբերվում այն իրավիճակին, որը կա Հայաստանում թե՛ համավարակի տարածման իմաստով, թե՛ տնտեսական առումով: Այդ երկրներից շատերն օգնություն առաջարկում են, որ նույնիսկ բոլորը կարող են դիմել ու ստանալ, բայց ասում են հետևյալը` եթե օգնությունը ստանալուց հետո քաղաքացին չգա, հիմնավոր փաստաթղթերով չներկայացնի, որ կորոնավիրուսի արդյունքում է այդ վնասը կրել, քրեկան գործեր են հարուցվում: Մեր երկրում այդպիսի բան չկա»:
Մինչ հայտարարությունների ժամը հերթական քառօրյա նիստերի մեկնարկին օրենսդիրը նախ քննարկեց գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած ընդդիմադիր պատգամավորների հինգ նախագծերը օրակարգ ընդգրկելու հարցը: Բոլոր հինգն էլ մեծամասնության կողմից մերժվեցին և չընդգրկվեցին օրակարգ: Իշխանությունների նման գործելաոճը քննադատեցին ընդդիմադիրները:
ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը նշեց.- «Ընդդիմությունը ներկայացնող պատգամավորների նախաձեռնություններն եք դուք մերժում` Գևորգ Պետրոսյանի, Անի Սամսոնյանի, Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի, Վահե Էնֆիաջյանի: Հարգելի՛ ընկերներ, ի՞նչն է պատճառը, խի՞ չեք թողնում, որպեսզի հարցերը քննարկվեն: Պառլամենտարիզմից ենք խոսում, եկեք քննարկենք: Ոչ ոք չի ասում` կողմ կամ դեմ քվեարկեք այս հարցին, բայց եկեք քննարկենք, խի՞ չեք թողնում քննարկենք»: