Հունաստանը փորձում է կանխել կորոնավիրուսի վարակի բռնկումը փախստականների ճամբարներում

Հունաստան - Փախստականները Լեսբոս կղզուց ժամանում են Աթենքին մերձակա Պիրեուս նավահանգիստ, 4-ը մայիսի, 2020թ.

Հունաստանի իշխանությունները աստիճանաբար բեռնաթափում են Լեսբոս կղզում գտնվող փախստականների «Մորիա» ճամբարը` այստեղ կենտրոնացած ավելի քան 2 հազար 300 ներգաղթյալների շրջանում կորոնավիրուսի վարակի անվերահսկելի բռնկումը կանխելու նպատակով:

Նախօրեին երկու լաստանավերով հարյուրավոր փախստականներ` նախևառաջ տարեցներ և խրոնիկ բնույթի առողջական խնդիրներ ունեցողներ, Լեսբոսից տեղափոխվել են մայրցամաքային Հունաստան: Մեկնումից առաջ բոլոր փախստականները ջերմաչափվել են, նավարկության ամբողջ ընթացքում նրանք դիմակներ են կրել:

Երկրի ներգաղթի հարցերով նախարարի խոսքով՝ իշխանություններին առայժմ հաջողվում է կանխել կորոնավիրուսի լայնամաշտաբ տարածումը Էգեյան ծովում գտնվող հունական կղզիների փախստականների ճամբարներում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ դրանցում ավելի քան 36 հազար ներգաղթյալ է կենտրոնացած: