Սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ շեշտել է Հայաստանում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:
«Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել»,- գրել է նա։
Պարետն ընդգծել է նաև, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի։
Հիշեցնենք, որ վաղվանից` մայիսի 4-ից, նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։ Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն` տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի, շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը, թույլատրվելու են մի շարք տնտեսական գործունեության տեսակներ: