Ըստ Շիկարյանի, Ալեքսանյանի կինը սպառնացել է աշխատակիցներին՝ չվերցնել պետաջակցության գումարը. «Երևան Սիթի»-ից հերքում են

Սամվել Ալեքսանյանի կինը սպառնացել է «Երևան Սիթի»-ի աշխատակիցներին՝ չհամարձակվել վերցնել հակաճգնաժամային աջակցության 8-րդ ծրագրով տրամադրվող գումարը, հակառակ դեպքում՝ աշխատավարձ չեն ստանա, ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Բելա Շիկարյանը։

Նա «Ազատությանը» պատմեց, որ նմանատիպ բողոքներով իրենց են դիմել «Երևան Սիթի» սուպերմարկետների մի խումբ աշխատակիցներ, որոնք հիմնականում խնդրել են չհրապարակել իրենց անունները՝ վախենալով, որ կզրկվեն աշխատանքից։

«Երևան Սիթի»-ի աշխատակիցներից մեզ դիմեցին, որ կառավարության աջակցությունն է ստացել իրենցից մի մասը, և հաստատվել է, որ աջակցություն են ստացել, իսկ մի մասը չի ստացել, ու իրենք այդ հարցով երբ որ դիմել են նախարարություն, ասել են՝ «դիմեք ձեր հաշվապահություն», հետո բոլորը փորձել են դիմել այդ ծրագրի օժանդակության համար, եկել է տեսաուղերձ Շողեր Ալեքսանյանից, որ չհամարձակվի որևէ մեկը ստանալու այդ գումարները, եթե ստանան, իրենք չեն ստանա այդ ամսվա աշխատավարձը», - ասաց Բելա Շիկարյանը:

Իրավապաշտպանն ասում է՝ իրենց դիմած աշխատակիցները նաև պատմել են, թե ղեկավարությունից աշխատանքից զրկվելու սպառնալիքներ են ստացել անգամ Ֆեյսբուքում այդպիսի բողոքների վերաբերյալ գրառումները հավանելու, կամ մեկնաբանություններ գրելու համար։

Շիկարյանն ընդգծում է՝ փաստորեն, այս մարդիկ չեն ընկալել, որ աշխատողներն իրենց ստրուկները չեն, որ աշխատավարձերը ստանում են իրենց կատարած աշխատանքի դիմաց:

Անանուն մնալու խնդրանքով՝ «Երևան Սիթի»-ի աշխատակիցներից մեկն «Ազատությանն» ասաց՝ եթե իրեն ճանաչեն, աշխատանքից կհեռացնեն, շարունակեց՝ ինքը մեղավոր չէ, որ որոշ ժամանակ ստիպված է եղել չաշխատել, այդ օրերին լրացրել է համապատասխան հայտը, գումարը փոխանցվել է հաշվին, բայց չի կարողացել ստանալ, նորից է դիմել:

«Խնդիրն այն է, որ գումարը նստացրել են, նորից հետ են քաշել: 68 հազար դրամ փոխանցել էին, նենց չի, որ մենակ իմն ա եղել, շատերինն ա եղել, նստել ա, նորից հետ ա քաշվել», - ասաց աշխատակիցը:

Գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գովազդի պատասխանատու Հայկ Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում հերյուրանք որակեց լուրերը, թե Շողերինա Ալեքսանյանը սպառնացել է աշխատակիցներին։ Նա թեև բողոքները զրպարտություն որակեց, այդուհանդերձ ասաց՝ իրավապահներին դիմելու ժամանակ չունեն։

«Իրականությանը չեն համապատասխանում, ով որ անանուն է ուզեցել մնա, իր քարտին գումար է նստել, հետո գումարը սառեցվել է, պետք է դիմի բանկ, պետք է դիմի կառավարություն: «Երևան Սիթի»-ն ի՞նչ կապ ունի էդ ամեն ինչի հետ: Մի հոգի, երկու հոգի, որոնք որ ցանկանում են անանուն մնալ և տարօրինակ պայմաններով հայտարարություն են անում, զրպարտում են մարդկանց, ճիշտ չի», - ասաց գովազդի պատասխանատուն:

«Ազատության» հարցին՝ դիմելո՞ւ են իրավական գործընթաց սկսելու համար, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, մեր օրն ու ժամը ավելի թան է՝ գործով զբաղվելու, քան թե նման մարդկանց պատասխանատվության կանչելու համար»:

Իրավապաշտպանի ֆեյսբուքյան գրառման ներքևում մի խումբ օգտատերեր գրել են, որ իրենք աշխատում են «Երևան Սիթի»-ում և աշխատավարձն ամբողջությամբ ստացել են, իրենց ոչ ոք չի սպառնացել, մի մասն էլ հակառակն է պնդում: Օրինակ՝ Անուլ Ստեփանյան ներկայացող օգտատերը գրել է. «Ես աշխատում եմ «Երևան Սիթի»-ում, մարտի 14-ից չեն թույլատրել աշխատանքի ներկայանամ, քանի որ բնակվում եմ Չարենցավանում: Ունեմ 3 անչափահաս երեխաներ: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագիրը լրացրեցի և պատասխան եկավ, որ հանդիսանում եմ 8-րդ ծրագրման շահառու և գումարը փոխանցված է բանկ: Մոտենում եմ բանկ, պատասխանում են, որ գումարը չեմ կարող ստանալ, քանի որ սխալմունք է եղել և գումարը հետ է գանձվել, և ասացին, որ «ձեր գումարը պետք է տրամադրի ձեր գործատուն»:

Հ.Գ. բայց գործատուն պատասխանել է, որ ոչ մի գումար էլ չի տրամադրի այդ չաշխատած օրերի համար»։

Իրավապաշտպան Բելա Շիկարյանն էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է դիմել, սակայն դեռ լուր չունի։ Նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն «Ազատության»-ն ասաց՝ խնդրին տեղյակ են, բայց դա իրենց լիազորություններից դուրս է, նշեց՝ վճարումներն իրականացվում են բացառապես ՊԵԿ-ի փոխանցած շահառուների ցուցակին համապատասխան:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հակառակն էր նշել՝ ցուցակներն իրենց մոտ չեն կազմվում։ Իսկ այսօր ՊԵԿ-ից փոխանցեցին՝ մանրածախ առևտուրը, որտեղ վաճառվում է սնունդ, տուժած ոլորտ չի կարող հանդիսանալ:

Աշխատանքային իրավունքների խախտումներով հիմնականում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պետք է զբաղվի: Տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանն ասաց՝ այս պահին ոչինչ անել չեն կարող, թեև Ազգային Ժողովն ընդունել է օրենքի նախագիծը, բայց Նախագահը դեռ չի ստորագրել, հետևաբար դրանից բխող այլ իրավական ակտեր դեռ չկան, այսինքն՝ տեսչական մարմնի կանոնադրության փոփոխություն դեռ չի արվել։ Նախագահի ստորագրելուց հետո արտակարգ իրավիճակներում աշխատանքային հարաբերությունների պետական վերահսկողությունը կհանձնարարվի իրենց:

«Դրանք կվերաբերվեն աշխատանքային պայմանագրի լուծման հարցերին, կվերաբերվեն աշխատավարձի վճարման հարցերին, ձևակերպված աշխատողների վերաբերյալ տեսչական մարմինների իրավասության շրջանակներում այդ հարցերին: Օրենսգրքում սահմանվել է հեռավար աշխատանքը, աշխատանքի չներկայանալու դեպքում, այս իրավիճակում, բոլոր դեպքում հարգելի համարվի և այլն: Այսինքն՝ այդ բոլոր դրույթների վերաբերյալ պետական վերահսկողությունը վերապահվելու է տեսչական մարմնին՝ առաջիկայում», - ասաց Հարությունյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում կարդում ենք՝ նախարարությունը նամակներ է ստանում այն մասին, որ որոշ գործատուներ «հորդորում» են իրենց աշխատակիցներին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շրջանակում ստացած գումարը կանխիկացնել և տալ գործատուներին:

Նախարարությունը տեղեկացնում է, որ գործատուների կողմից նման ապօրինի գործողությունների մասին յուրաքանչյուր ահազանգ փոխանցվում է իրավապահ մարմիններին։ Իսկ թե առայսօր քանի ահազանգ է փոխանցվել իրավապահներին, խոսնակն ասաց, պատասխանը՝ երկուշաբթի։

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով խնդրին, ընդգծել է, որ հատկապես այս օրերին աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են եղել։ Նա առաջարկել է ստեղծել հարթակ, որտեղ մարդիկ նաև անանուն կարող են բարձրաձայնել աշխատանքային իրավունքների խախտումների մասին։