«Հազիվ էի շնչում, հիմա նորից քայլել եմ սովորում». կորոնավիրուսը հաղթահարած երիտասարդ

«Չորս օրում անջատվեցի, ես չէի էլ պատկերացնում, որ կարա իմ հետ էդպիսի բան կատարվի», - կորոնավիրուսով հիվանդ 32-ամյա Վիլեն Խաչատրյանը, որը բժիշկների գնահատմամբ ծայրահեղ ծանր վիճակում էր, երկու օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից։

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկների գնահատմամբ՝ իրենց ամենածանր հիվանդն էր, կենտրոն էր ընդունվել «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցից մարտի 28-ին՝ երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճան ախտորոշմամբ։ Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին:

«Էդ չորս օրվա մեջ, կոպիտ ասած, ես սատկել եմ: Թորոսյանը գրել էր իր էջի վրա՝ 65 տոկոս շնչառություն կար, բայց ես կարծում եմ՝ ընդհանրապես 5-10 տոկոս ա եղել կամ սատկած վիճակ ա եղել», - ասաց Խաչատրյանը:

Ավելի քան 35 օր հիվանդանոցում է եղել, ասում է՝ կյանքի 6 օրը առհասարակ ջնջվել է հիշողությունից, հատվածական դրվագներ է հիշում։

«Մի քիչ ուշքի էի եկել, հիշում եմ, թե ոնց էին կերակրում, էդ շլանգով՝ անունը չեմ հիշում, շատ անգամներ հիշում եմ, թե ոնց էի բուժքույրերին կանչում, մի ձեռքով կապած, ասում էի, որ «քնաբեր տվեք, շնչափողն ա մաքրել պետք կամ լույսը խանգարում ա», էդ ընթացքում դե ձեռքերս կապած ա, որ ես ինքս էդ շնչափողը բերանիցս չհանեմ», - պատմեց Խաչատրյանը:

Վիլենի պատմությունը սկսվել է օդանավակայանից. մարտի 18-ին Շվեդիայից Ռուսաստանով Հայաստան է վերադարձել։ Պատմում է՝ օդանավերում ջերմաչափել են, տաքություն չի ունեցել, ինքնազգացողությունը լավ է եղել։ Իրադարձությունները հետո են կայծակնային արագությամբ զարգացել։

«Ազատության» հարցին՝ Շվեդիայից գալուց հետո իրեն կարանտին չե՞ն տարել, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց. «Առաջին օրվանից, ոչ, ասացին՝ «ինքնամեկուսացեք»: Ես Դավիթաշեն եմ մնում, մեր բալկոնը շատ մեծ ա, ես ընդեղ էի քնում, ոչ մեկին չէի կպնում, մյուս օրն է իմ մոտ մարդ եկել, որովհետև ինձ 5-6 տարի ոչ մեկ չէր տեսել, այդ տարբերակով սեղանի շուրջ նստել ենք: Ես զգում եմ, որ ոչ մի բան չունեմ: 4-5 օր անցավ, ավելի ճիշտ ծնունդիս օրն էր՝ մարտի 24-ն էր, մոտավորապես երեկոյան սկսեցի միանգամից ջերմել, հետո երեկոյան ես երկու հատ պարացետամոլ եմ խմում, մյուս օրը առավոտյան զարթնում եմ, տեսնում եմ, որ ջերմությունս 36,6 ա, մոտավորապես, որ ժամը 4-ն ա գալիս, ես նորից զգում եմ, որ ջերմություն ունեմ, դե ոնց որ մնացածի մոտ ձեռքերն ա սառում, գլուխն ա մի քիչ գրիպի պես ցավում: Ասի՝ լավ զանգեմ պոլիկլինիկա, զանգում եմ բժշկուհուն, բժշկուհին միանգամից զանգահարում է էդ մեքենաներին, իրենք գալիս են, ինձ տանում են «Նորք» ինֆեկցիոն, թեստ եմ տալիս, քանի որ տեղ չի լինում, գալիս եմ հետ տուն, մյուս օրը առավոտը ժամը 12-ին ինձ զանգահարում են, ասում են՝ «համեցեք՝ Ձեր մոտ դրական ա»:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Վիլեն Խաչատրյանը հրաշքով է փրկվել, սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել նրա հոր կյանքը

Իր հետ շփված մարդկանցից միայն հայրն էր վարակվել կորոնավիրոսով. վերջինիս կյանքը, ավաղ, փրկել չի հաջողվել, ապրիլի 18-ին Վիլենի հայրը մահացել է կորոնավիրուսից։

«74 տարեկան էր և իր մոտ հարակից հիվանդություններ կային, որի պատճառով սենց ստացվեց», - ասաց Խաչատրյանը:

Վիլենի ձայնալարերն են վնասված, հազիվ է խոսում։ Շվեդիայում սպորտային ակտիվ կյանքով ապրած երիտասարդը սնոուբորդով զբաղվելուց, հեծանիվ քշելուց հետո հիմա նորից քայլել է սովորում։

«Դեռ ոտքի ցավեր ունեմ, որ պառկել եմ ահագին նիհարել եմ, առաջին օր քայլել էի սովորում, երբ որ զարթնել էի, շատ ծանր էի տարել: Մոտական էս մի երկու շաբաթը հլը կապաքինվեմ տանը, որովհետև շատ ի վիճակի չեմ քայլեմ, որովհետև շնչառությունս մի կողմից հերիքացնում է, բայց սրտիս աշխատանքը, պուլսս էնքան ա բարձրանում, որ ես սկսում եմ վատ զգալը», - պատմեց նա:

«Վերակենդանացման բաժանմունքի ամբողջ անձնակազմը, բաժանմունքի վարիչ Անահիտ Բարսեղյանի ղեկավարությամբ օր ու գիշեր պայքարեցին իմ կյանքի համար», - ասում է Վիլենը՝ ավելացնելով՝ նոր է գիտակցում, որ կյանքը թելից կախված է եղել։

«Էս հիվանդության ժամանակ մարդ կարող է մահանա, և սա իրականություն է, որ պետք է մարդիկ հասկանան և ընդունեն, ոչ մի պանիկայի հարց չկա և ուրիշ բանի հարց չկա», - նշեց Խաչատրյանը:

Մասնագիտությամբ ինժեներ Վիլեն Խաչատրյանն այս փորձությունից հետո Շվեդիա վերադառնալ չի պատրաստվում։ Ասում է՝ ուժերը կհավաքի ու հայրենիքում աշխատանք կփնտրի։