Շաբաթներ տևած անորոշությունից և տարատեսակ քաղաքական ասեկոսեներից հետո Փհենյանից ստացվեց հաղորդագրություն, որի համաձայն, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը մասնակցել է պարարտանյութերի գործարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Կիմ Չեն Ունի մասին տեղեկություններ չէին եղել ապրիլի 11-ից ի վեր: Լրատվամիջոցները հայտնել են, թե նա սրտի վիրահատության է ենթարկվել, ասեկոսեներ են տարածվել նրա ծանր առողջական վիճակի և երկրի ղեկավարումը նրա կրտսեր քրոջ՝ Կիմ Յո Յոնգի կողմից ստանձնելու հնարավորության մասին:
Փհենյանից ստացված տեսագրությունը վկայում է, որ պարարտանյութերի արտադրամասի բացման արարողության ընթացքում Կիմ Չեն Ունին ուղեկցող անվտանգության ծառայության աշխատակիցները, բարձրաստիճան քաղաքացիական և զինվորական ղեկավարները դիմակներ են կրել: