Բելառուսում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 911-ով և հասել է 15 հազար 828-ի:
COVID-19 հիվանդությունից մահացել է 97 մարդ: Նրանք, ըստ Բելառուսի առողջապահության նախարարության, ունեցել են մի շարք ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Ապաքինվել է 3 հազար 117 հիվանդ:
Բելառուսում անտեսել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչը և կարանտին չեն հայտարարել:
Ապրիլի 20-ից աշխատանքը վերականգնել են կրթական հաստատությունները, ապրիլի 25-ին տեղի է ունեցել հանրապետական շաբաթօրյակ, իսկ այս օրերին Բելառուսը պատրաստվում է Հաղթանակի օրվա միջոցառումներին:
Այդ պայմաններում Բելառուսում գործում է «ժողովրդական կարանտինը»՝ մեծ թվով մարդիկ գերադասում են մնալ տներում, նվազագույնի են հասցնում սոցիալական շփումները և ինքնամեկուսացվում են: