Պաշտոնական հայտարարությունը եղավ թե չէ, տնտեսվարողները, որոնց գործունեությունը մայիսի 4-ից թույլատրվել է, անցան գործի։ Բացօթյա սրճարանները սեղան-աթոռների վրայից ամիսների փոշին են մաքրում, վարսավիրանոցներում տարածքը հարմարեցնում են նոր պայմաններին։
Երևանի կենտրոնում Արսեն Հովհաննիսյանի հիմնադրած երեք ռեստորաններն էլ բացօթյա հատված ունեն։ Սահմանափակումների թուլացումը ոգևորել է, հիմա սպասում են Կառավարության ուղեցույցին, թե ինչպես պիտի և՛ աշխատեն, և՛ համաճարակային կանոնները պահպանեն։ Իրենք որոշակի պատկերացումներ ունեն՝ տարածքը ախտահանելու են, եթե ջերմաչափումը պարտադիր եղավ, անելու են։
«Երևի թե առաջին բանը, որ պիտի անենք, սեղանների որոշակի հեռավորությունն է։ Ինչ-որ տեղ սպասարկումը պիտի փոխվի։ Քննարկում ենք դիմակներով մարդկանց սպասարկելը, որովհետև երկու խնդիր կա՝ հա՛մ մեր աշխատակցի անվտանգության, հա՛մ դիմացինի։ Այսինքն՝ քայլերին մենք պատրաստ ենք։ Լավ կլիներ, որ այդ քայլերը մի քիչ շուտ իմանայինք, որովհետև հնարավոր է, որ տեխնիկական միջոցներ է պետք ներգրավել, որոնք միշտ չէ, որ կարող ես Հայաստանում ձեռք բերել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։
Աշխատակիցներն օգտվել են Կառավարության տրամադրած միանվագ աջակցությունից։ Իսկ սեփականատերերը գերադասել են ոչ թե վարկեր վերցնել, այդ թվում՝ պետության առաջարկած անտոկոս միջոցները, այլ բիզնեսը հարմարեցնել ստեղծված իրավիճակին։
Չնայած պարետատան որոշումն ավելի ուշ եղավ, բայց, Հովհաննիսյանի խոսքով, ռեստորանները փակելու որոշում հենց արտակարգ դրության հայտարարելու օրը՝ մարտի 16-ից կայացրեցին։ Կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց հետո 2 շաբաթ շարունակ հաճախորդների թվի կտրուկ վնազման պատճառով միայն վնասներ էին կրում։ Իսկ աշխատողներին, երեք տարածքների վարձատուներին, մատակարարներին անհրաժեշտ էր վճարել։ Բայց կար նաև ապրանք, որը սառնարաններում երկար չես պահի։ Միանգամից դադարեցրեցին երկար շարունակվող բանավեճերը՝ արդյո՞ք առաքումից ճաշատեսակի համն ու հոտը չի տուժի, ու անցան օլայն վաճառքի։
Եթե ոչինչ չձեռնարկեին, վնասները կարող էին հասնել մինչև 100 հազար դոլարի, հիմա սպասում են 70-80 տոկոսով ավելի նվազ կորուստներ․ - «Հաճախորդները արդեն չէին այցելում, հետևաբար մենք պիտի գնայինք հաճախորդների մոտ։ Բայց, ի տարբերությունը երևի թե մյուս ռեստորանների, մեր մոտեցումը մինչ այս ուրիշ էր, մենք ինքներս առաքում չէինք իրականացնում ու ավելի շատ գերադասում էինք, որպեսզի հյուրերը մեր ուտելիքները վայելեն մեր ռեստորանում»։
Մարդկանց արձագանքն է անակնկալ եղել, յուրաքանչուր երկրորդ պատվիրատուն, նրա փոխանցմամբ, իրենց մշտական հաճախորդներ էր․ - «Ամբողջ անձնակազմը տրանսֆորմացրեցինք․ մատուցողները, որոնք այդ պահին առանց աշխատանք էին մնացել, սկսեցին առաքումներ իրականացնել։ Ու ինչ-որ տեղ սա հետաքրքիր էր, որովհետև մեր հիմնական հյուրերը, որոնք պատվիրում էին, դուռը բացում էին ու իրենց սիրելի մատուցողն էր առաքումը իրականացնում։ Դա էլ ինչ-որ տեղ հաճելի պահ էր»։
Վերաբացման լուրն ուրախացրել է նաև Արաբկիում գեղեցկության սրահի տնօրեն Լիանա Բուդոյանին, բայց, կարծում է, ավելի շուտ էլ կարելի էր թույլատրել․ - «Պետք էր դա՝ բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելով»։
Գրանցումներ արդեն հաջորդ շաբաթվա համար ունեն: Նրա փոխանցմամբ, 5 օրում գրանցել են այնքան մարդ, ինչքան նախկինում մեկ օրում կընդունեին՝ անվտանգության համար։ Վստահեցրեց, որ ծառայության գները, չնայած 1,5 ամիս չաշխատելուն, չեն բարձրացնի, աշխատակիցների կրճատումներ չեն անի․ - «Որպեսզի կուտակումներ չլինեն, հերթապահությամբ, հերթով են աշխատելու թե՛ վարսահարդարները, թե՛ մատնահարդարները»։
Նստատեղերը ախտահանել, մարդկանց դիմակ ու ձեռնոց տալ, գեղագիտության հետևից էլ չընկնել՝ սուրճը մեկագամյա օգտագործման բաժակներով հյուրասիրել․ սա իր մտահաղացումն է, բայց դեռ պարետատուն էլ կզանգի․ - «Ինչքան էլ մենք մերը մշակենք, ամեն դեպքում պարետատունը կթելադրի իրենը»։