«Ակնհայտ է, որ քաղաքացիների անձնական տվյալները օրենքի խախտմամբ են փոխանցվել վարչապետին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, արխիվ

«Ալո, բարև Ձեզ, կներեք, որ անհանգստացնում եմ, Ձեզ հետ Նիկոլն է խոսում Փաշինյան: Ես վերցրել եմ էսօր ցուցակները, թե կոնկրետ ում հոսանքն է անջատած այս պահին: Հիմա իմ ձեռքի տակ եղած ցուցակով Ձեր հոսանքն անջատած է պարտքի պատճառով: Այդպե՞ս է, թե՞ չէ»:

Հոսանքից զրկված քաղաքացիների անունները, հասցեներն ու հեռախոսահամարները մշակելն ու վարչապետին փոխանցելը օրենքի խախտում է, դրանք անձնական տվյալներ են, ահազանգում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Իրենց արձանագրած խախտման վերաբերյալ գրություններ են ուղարկել վարչապետի աշխատակազմ և Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն.- «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի 26-րդ հոդվածը ենթադրում է, որ անձնական տվյալները 2 դեպքում կարող են փոխանցվել երրորդ անձանց` կա՛մ օրենքով սահմանված դեպքում, որևիցե օրենքով, կա՛մ այդ անձանց համաձայնությամբ: Անձանց համաձայնությունն ակնհայտ է վարչապետի լայվից, որ չկար, որևիցե օրենքով նման բան գրված չի, որևիցե օրենքով չի ենթադրում, որ հոսանք չվճարած անձանց ցանկերն ու հեռախոսի համարները կարող են փոխանցվել վարչապետին, կամ կառավարությանը, կամ վարչապետի աշխատակազմին»:

Արտակարգ դրության պայմաններում ծանր վիճակում հայտնված քաղաքացիների լույսն անջատելուն հաջորդած հանրային աղմուկից հետո վարչապետ Փաշինյանը երեկ անձամբ էր զանգահարում նրանց և պարզում՝ ինչու չեն վճարել պարտքերը։ Զրույցի ընթացքում էլ հարց ու փորձ անում ընտանիքի անդամների մասին` ովքե՞ր են, որտե՞ղ են աշխատում, ի՞նչ խնդիրներ ունեն.- «Ակնհայտ է, որ անձնական տվյալներն օրենքի խախտմամբ են փոխանցվել երրորդ անձանց` տվյալ դեպքում վարչապետին և հավանաբար փոխանցվել են Հայաստանի Էլեկտրական ցանցերի կողմից: Առերևույթ լավ մոտիվացիայով առաջնորդվելով` ամեն դեպքում խախտվել է անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը, և դա շատ վատ օրինակ է, որովհետև վարչապետը պետք է օրինակության օրինակ ծառայի»:

Չնայած Դանիել Իոաննիսյանի ահազանգին` կան մարդիկ, որ դեմ չեն Փաշինյանի հետ ուղիղ կապին։ Վարչապետը ճիշտ է, նրան քննադատողները՝ սխալ, արձագանքում են մեզ հանդիպած քաղաքացիները.- «Ի՞նչ անձնական տվյալներ, վերջ տվեք, հիմա տեխնիկան այնքան զարգացած է, եթե ես ուզենամ Ձեր անձնական տվյալները, ինձ դա պետք լինի, ես Ձեզ կհետապնդեմ և կանեմ ամեն ինչ, որ ունենամ: Վարչապետն իմ տուն, որ զանգի, ես չգիտեմ, ես էնքան շնորհակալ կլինեմ, ես էտ օրը կցնծվեմ ուրախությունից»:

«Էտ որ մի էսքան ժամանակ վարչապետ ու եսիմ ով ա մարդկանց զանգել, ասենք անձնական հարցրել` ունե՞ք, չունե՞ք: Նա սխալ բան չի արել, լրիվ ճիշտ է»,- նշում է մեկ այլ քաղաքացի: Մյուսն էլ հավելում է.- «Հեռախոսով, կարծում եմ, կոնֆիդենտալությունն այդքան էլ չի բացվում, տենց կոնկրետ բոլորը չեն իմանում` ով է: Կարծում եմ` այդտեղ ինչ-որ առանձնապես խնդիր չկա: Միգուցե լայվ զանգի դեպքում անհրաժեշտ է գաղտնի պահել զանգողի տվյալները»:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը դեռ չի ստացել Իոաննիսյանի դիմումը։ Գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն ասաց՝ մինչև վարույթ չհարուցվի, և բազմակողմանի չքննեն, ընդամենը մեկ իրավական ակտով կդժվարանա եզրահանգում անել.- «Առանց վարույթի նման վերդիկտ, նման միանշանակ որոշում կայացնելը կամ հայտարարել` արդյոք այս կամ այն մշակումը խախտում է, թե ոչ, հնարավոր չէ»:

Ըստ Իոաննիսյանի՝ խնդրահարույց է նաև այն, որ վարչապետը մարդկանց հարցաքննում է ուղիղ եթերում և դրա մասին նախապես չի զգուշացնում։ Այնինչ, այդ պահին վարչապետից բացի, զրույցին հետևում են հազարավոր քաղաքացիներ.- «Կարող է վարչապետին վստահելով ինչ-որ բաներ պատմեն, բայց որ իմանային, որ լայվում են, ինչ-որ բաներ չպատմեին: Սա ևս խնդրահարույց է»: