Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը։
Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի` ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի վարիչն ու նույն գերեզմանատան հսկիչը, գործելով նախնական համաձայնությամբ, քաղաքացու կողմից նախընտրելի գերեզմանատանը գերեզմանատեղի հատկացնելու համար վերջինիցս պահանջել են խոշոր չափերի՝ 719 հազար 280 դրամին համարժեք 1500 դոլար կաշառք:
Երեկ գերեզմանատան հիշյալ հսկիչը նախապես պայմանավորված կաշառքը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից, որի անձնական խուզարկությամբ կաշառքի առարկան հայտնաբերվել և առգրավվել է, իսկ վերջինս խոստովանել է հանցագործության կատարումը։
Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կաշառք ստացած պաշտոնատար անձինք ձերբակալվել են։