Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 134-ով՝ հասնելով 2066-ի, գրանցվել է մահվան ևս երկու դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 29-ով և հասել 929-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 21 հազար 125 է:
Մահվան նոր դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ «պացիենտները եղել են 69 և 47 տարեկան, վերջինս ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1103 մարդ:
Մահացածների ընդհանուր թիվը 32 է, կորոնավիրուսով վարակված ևս 2 մարդ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համաճարակային իրավիճակին, ընդգծեց. - «Մենք նախորդ օրը շատ մեծ թիվ ենք ունեցել նոր դեպքերի»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատեց. - «Այո, ռեկորդային՝ վատ իմաստով, թիվ ենք ունեցել»:
«Արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59», - փոխանցեց նախարարը՝ շարունակելով. - «Իրադարձությունների զարգացման էս սցենարի դեպքում մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին, ասիմպտոմ քաղաքացիներին կամ շատ թեթև քաղաքացիներին արդեն չհոսպիտալացնելու ռազմավարությանը: Իհարկե, մեր մոտեցումը այնպիսին է, որ էդ օրը, երբ որ մենք էդ որոշումը կկայացնենք, փորձելու ենք առավելագույնս ձգել»:
«Չնայած այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ շատ փոխկապակցված անձինք, այսինքն՝ մենք չենք կարող վստահաբար ասել, օրինակ, որ էսօր էլ էդքան քաղաքացի կլինի, հնարավոր է՝ ավելի քիչ լինի, - նշեց Թորոսյանը:
Մանրամասները տե՛ս այստեղ