Անցած օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի դեպքերի թվի աճի ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 134 նոր դեպք, Կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասավ 2066-ի, արձանագրվել է մահվան ևս երկու դեպք՝ մահացածները եղել են 69 և 47 տարեկան, նրանցից մեկն ունեցել է խրոնիկական հիվանդություն։
Նախարարի խոսքով՝ մի քանի տասնյակ մարդ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է. - «Արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59»:
«Իրադարձությունների զարգացման էս սցենարի դեպքում մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին, ասիմպտոմ քաղաքացիներին կամ շատ թեթև քաղաքացիներին արդեն չհոսպիտալացնելու ռազմավարությանը: Իհարկե, մեր մոտեցումը այնպիսին է, որ էդ օրը, երբ որ մենք էդ որոշումը կկայացնենք, փորձելու ենք առավելագույնս ձգել, որովհետև դա նաև բերելու է ապագայում հետագա տարածման: Ենթադրում եմ, որ 5-6 օր դեռ կկարողանանք էս տեմպով ձգել», - ասաց Թորոսյանը:
Առողջացել և տուն է վերադարձել 29 հոգի։ Այդուհանդերձ, նկատենք՝ նոր վարակակիրները համարյա հինգ անգամ ավելի շատ են առողջացածներից։
Նախարարը մտահոգիչ մեկ այլ փաստ նշեց՝ 134 նոր դեպքերի մեջ կան փոխկապակցված անձինք. վարակվածներից մեկը հուղարկավորության մասնակից է եղել, «և այլ անձինք են վարակվել»: «Դրա համար, նորից պետք է կոչ անենք նման արարողություններին փոքրաթիվ անձանցով մասնակցել և չհամարել, որ վտանգը ամբողջությամբ անցել է», - շեշտեց Արսեն Թորոսյանը:
Աճի այսպիսի տեմպի պարագայում չի բացառվում, որ պարետատունը կվերանայի որոշումները։ Պարետ Տիգրան Ավինյանը, այդուհանդերձ, հայտարարեց, որ այս պահի դրությամբ դեռ առաջնորդվում են հին ծրագրերով. շարունակելու են փակ մնալ կրթական հաստատությունները, էական սահմանափակումներ են գործելու մշակութային և զվարճանքի ոլորտներում, իսկ մայիսի 4-ից կվերաբացվեն տնտեսական գործունեություն իրականացնող որոշ ոլորտներ՝ պարտադիր կանոնների պահպանմամբ։
Պարետը հորդորեց՝ պետք չէ լինել անվախ, այլ պետք է լինել զգուշավոր։ «Եթե մենք տեսնենք, որ ընդհանուր առմամբ այս քաղաքականությունը, որը մենք վարում ենք՝ մեղմացումների, տալիս է վտանգավոր հետևանքներ, բերում է վտանգավոր հետևանքների, և վարակի տարածման արագությունը և տեմպը աճում է էն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին, ես կարծում եմ, որ միանշանակ ամենակոշտ ռեժիմին և ամենակոշտից էլ, եղած ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ», - հայտարարեց Ավինյանը՝ շարունակելով. - «Եվ այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի էն կանոնները, որոնք որ հաստատվում են, խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից, որովհետև առաջին հերթին էդ տնտեսվարողների շահերից է բխում էդ կանոնների պահպանումը: Եթե որևէ մեկը վարակվեց որևէ մի տնտեսվարողի մոտ, ավտոմատ կերպով էդ տնտեսվարողի գործունեությունը դադարեցվելու է»:
Ակնհայտ է, որ առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսները մենք ունենալու ենք դեպքեր, հետևաբար՝ չենք կարող մի տարի փակված ռեժիմով ապրել։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքն էր իրավիճակին: Նա երեկ սեփական դիտարկումն է արել, երբ դուրս է եկել զբոսանքի. պատկերը, մեղմ ասած մտահոգիչ էր, ըստ վարչապետի՝ մարդիկ խմբերով զբոսնում էին՝ չպահպանելով վարքագծային կանոնները:
«Եվ հետևաբար, մեր մեծագույն խնդիրը՝ տնտեսվարողների, անհատ քաղաքացիների, բոլորի, երեխաների, մեծահասակների, միջին տարիքի մարդկանց, վարքագծային նոր կանոնների հաստատումն է, որպեսզի մենք կարողանանք զուգահեռ ապրել: Որովհետև էլ փակված հնարավոր չի շարունակել, կամ լավ, եթե հնարավոր է ևս տասը օր, մոտիվացիա չկա, որովհետև եթե իմանանք՝ ևս մի ամիս փակվելու ենք, և վարակը չի լինելու այլևս, կարող ենք անել, այո, կարող ենք ասել, ամբողջ ռեսուրսները կենտրոնացնենք՝ մի ամիս էլ փակված մնանք: Բայց փաստն այն է, որ մենք հստակ հիմա, վստահաբար գիտենք, որ էդ մի ամսում ոչինչ տեղի չի ունենալու, որ մեզ թույլ տա լիարժեք վերադառնալ նախկին կյանքին», - հայտարարեց պետության ղեկավարը:
Լավ լուրերից՝ երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո հիվանդանոցից դուրս է գրվել մինչ օրս հաստատված ամենատարեց Covid-19 դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ Սարգսյանը։