Գավառի դեպքերի կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել, ձերբակալվել է 5 անձ. ՔԿ

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:

Հաղորդելով այս մասին՝ Քննչական կոմիտեն մանրամասնում է.

«Ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ են արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ. Ավետիսյանը և Զ. Պարոնիկյանը տեղում մահացել են, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Դեպքի առթիվ 2020թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով»:

Նույն օրը «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի, շարունակում է Քննչական կոմիտեն:

«Պարզվել է նաև, որ Զ. Պարոնիկյանի և Վ. Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա. Հայթյանը, Դ. Հայթյանը և Վ. Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել են հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել վերջիններիս վրա և փորձել սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանության միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքերի առթիվ երեկ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով:

Բացի այդ, Ավետիսյանի և Պարոնիկյանի հարազատները և ընկերները, բազմաթիվ անձինք «շրջափակել են Գավառի հիվանդանոցի մուտքերը, այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով, մուտք են գործել հիվանդանոց՝ կոտրելով մուտքի դռները, ինչպես նաև՝ հիվանդանոցում գտնվող գույքը»:

Դեպքի առթիվ ՔԿ Գեղարքունիքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով:

Երեկ որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու մասին: Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներից կազմված քննչական խմբին: Կազմվել է քննչական պլան, կատարվել և կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ ձերբակալվել է 5 անձ:

Նախաքննությունը շարունակվում է: «Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», - հաղորդում է Քննչական կոմիտեն՝ խոստանալով ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկացնել լրացուցիչ։