Գավառում փոխհրաձգության հետևանքով 2 մարդ է սպանվել, մի քանիսը՝ վիրավորվել. միջադեպին հաջորդել է ներխուժում հիվանդանոց

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը զրուցում է «Ազատության» հետ, Գավառ, 29-ը ապրիլի, 2020թ.

Երեքշաբթի օրը ժամը 17:40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, ասված է Հայաստանի ոստիկանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

«Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն: Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ», - փոխանցում է Ոստիկանությունը:

«Միաժամանակ, նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը: Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել», - նշված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը լրատվամիջոցներին կոչ է անում չճշտված տեղեկություններ չհրապարակել և խոստանում դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։

Մարզպետը մանրամասներ է փոխանցում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասներ փոխանցեց. - «Երեկ 17:30-ից 17:40-ի սահմաններում Գավառի Ազատության փողոցում տեղի է ունեցել հրաձգություն, մի քանի մեքենաներով անձինք, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով ունեցել ենք երկու մահ և վիրավորներ: Վիրավորները տեղափոխվել են Գավառի հիվանդանոց, և նաև էստեղ հավաքվել են բավական մեծաթիվ հարազատներ, ընկերներ, որոնք նաև հետագայում ուժ գործադրելով ոստիկանության և բուժանձնակազմի նկատմամբ, ջարդելով դռները, պատուհանները, ներս են մուտք գործել և վնասել են ևս երկու վիրավորների, ովքեր այդ հրաձգության մասնակից են եղել»:

Սանոսյանն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ փոխհրաձգության մասնակիցների մեջ եղել են և՛ Գավառի բնակիչներ, և՛ Նորատուսի բնակիչներ, մահացածներից մեկը Գավառի բնակիչ է, մյուսը՝ Նորատուսի:

Մարզպետի փոխանցմամբ՝ «հենց հրաձգությունից հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, և արդեն սկսել են համայնքի բնակիչները՝ և՛ Գավառից, և՛ Նորատուսից, ընկերները, ընտանիքի անդամները հավաքվել հիվանդանոցի մոտ»:

Հիվանդանոց ներխուժած անձանց թիվը, ինչպես ավելի վաղ հայտնել էր Սանոսյանը, բավական մեծ է եղել՝ մոտ 500: Այսօր «Ազատության» հետ զրույցում նա ասաց. - «Ես հիվանդանոցում ներկա չեմ եղել, ես եղել եմ դեպքի վայրում, բայց ներկաները նույնիսկ 500-ից ավելի մարդկանց մասին են խոսում: Նրանց ձեռքին արդյոք ձողեր, որևէ զենք-զինամթերք [եղել է], թե ոչ՝ չեմ կարող հիմա հաստատել, հիվանդանոցը տեսահսկվում է, և ոստիկանությունը կաշխատի, և ամբողջ պատկերը կունենանք: Խնդիրը նրանում է եղել, որ չնայած ոստիկանական ուժեր են եղել այստեղ՝ հիվանդանոցում, բայց մի քանի անգամ քաղաքացիների թիվը գերազանցել է ոստիկանությանը, միաժամանակ մի քանի մուտքերի դռները, պատուհանները կոտրելով ներս են մտել, և տվյալ պահին դարձել է անվերահսկելի իրավիճակը»:

«Ընդհանուր, եթե ճիշտ եմ թիվը հիշում, 5 վիրավորներ ունենք, բոլորը տեղափոխվել են Երևան՝ այստեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո: Այս պահին հիվանդանոցում տվյալ դեպքի հետ կապված վիրավոր չունենք», - նաև հայտնեց մարզպետը:

Ըստ Սանոսյանի, անմիջապես դեպքից հետո ոստիկանությունն արագ արձագանքել է՝ նաև տարբեր մարզերից, Երևանից ուժեր ավելացնելով: «Իրավիճակը կայուն է, ոստիկանությունը ամբողջությամբ իրավիճակը վերահսկում է և՛ քաղաքում, և՛ հիվանդանոցի շրջակայքում, և՛, իհարկե, Նորատուս համայնքում», - ասաց մարզպետը:

Ոստիկանապետի հետ Սանոսյանը, իր իսկ փոխանցմամբ, եղել է դեպքի վայրում՝ Գավառի Ազատության փողոցում, նույն ժամանակ, երբ հիվանդանոցում տեղի է ունեցել միջադեպը՝ «8-ից հետո, 8-ից 8 անց կես հատվածում»:

Մարզպետը հաստատեց, որ բախումների կրկնվելու մտահոգության առիթ կա, սակայն, մյուս կողմից, ոստիկանությունը, դա հասկանալով, «բավական մեծ ուժերով աշխատանք է տանում, և հիմա վիճակը բավական կայուն է»:

Սանոսյանը հայտնեց, որ դեպքից անմիջապես հետո ոստիկանությունը «բավական մեծ թվով մարդկանց ձերբակալել է», սակայն զերծ մնաց թիվ նշելուց: «Եվ գործընթացը շարունակվում է և՛ պողոտայում դեպքի մասնակիցների մասով, և՛ հիվանդանոցի միջադեպի մասով», - ասաց նա:

Ազատության փողոցում միջադեպի պատճառների մասին հարցին մարզպետն արձագանքեց. - «Իհարկե, հետագայում քննչական պրոցեսը կպարզաբանի ամբողջ եղելությունը, բայց բնակչության շրջանում խոսակցությունների մակարդակով եթե ասեմ՝ որոշակի ժամանակ առաջ երիտասարդների միջև ինչ-որ վեճ է եղել, որը այս փուլում վերաճել է ավելի տարեցների միջև նման հրաձգության»:

Սանոսյանի վկայությամբ՝ ոստիկանությունը փոխհրաձգությանը շատ արագ է արձագանքել, սակայն «ամբողջ խնդիրը եղել է քաղաքացիների քանակը, որ շատ մեծ է եղել, և այդ ժամանակ նաև իրենց հոգեբանական վիճակը, տրամադրվածությունը այնպիսին է եղել, որ նման արարք են թույլ տվել»:

«Հիվանդանոցում վիրավորվածները եղել են երկու կողմից, բոլորին օգնություն ցուցաբերվել է, և տեղափոխվել են Երևան», - նաև ասաց մարզպետը:

Բոլոր վիրավորների վիճակը գնահատվել է որպես ծանր

Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Արամ Ավետիսյանը, իր հերթին, պատմեց. - «Գտնվում էի հիվանդանոցում՝ իմ աշխատասենյակում, զբաղված էի իմ գործերով, երբ որ ընդունարանիս հերթապահ բժիշկը զանգ տվեց և տեղեկացրեց, որ ընդունել ենք հրազենային վնասվածքներով հիվանդներ: Իջել ենք, կազմակերպել ենք հիվանդների առաջին բուժօգնությունը՝ հետազոտել և այլն, զբաղվել ենք հիվանդներով, այդ ընթացքում հակառակորդ կողմերից մեկի հարազատները, ճեղքելով ոստիկանության պատնեշը, մտել են հիվանդանոց և սկսել են դռները, պատուհանները կոտրելով ման գալ էն մյուս կողմի ժողովրդին, որպեսզի ինչ-որ վրեժ լուծեն»:

Բոլոր վիրավորների վիճակը, ըստ Ավետիսյանի, գնահատվել է որպես ծանր՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով, բազմաթիվ կոտրվածքներով. - «Տարբեր հատվածների կոտրվածքներ, տարբեր հատվածների հրազենային վնասվածքներ»:

«Ունեցել ենք երկու զոհ, որոնք նույնպես տեղափոխվել են հիվանդանոց, բայց գրանցվել է կենսաբանական մահ», - նաև հայտնեց բժիշկը:

Ավետիսյանի փոխանցմամբ՝ ոստիկանական ուժերը ժամանել են անմիջապես հիվանդներին ընդունելուց հետո: Նա դժվարացավ նշել, թե քանի ոստիկան էր ժամանել, «բայց շատ էին»:

Հիվանդանոց ներխուժած անձինք, ըստ նրա, «ինչից հետո հեռացան՝ երբ որ հիվանդասենյակներից մեկում գտան իրենց փնտրած անձնավորությանը և հարձակում գործեցին, արդեն հիվանդասենյակում հարձակում գործեցին արդեն հիվանդի վրա, դրանից հետո իրենց կամքով հեռացան հիվանդանոցից»: «Այստեղ գտնվող վիրավորներին հասցրել են ծակած-կտրած վերքեր՝ մարմնի տարբեր հատվածների, ընթացքում նաև՝ սալջարդ վերքեր, հրմշտոց, և այլն, և այլն», - ասաց Արամ Ավետիսյանը:

«Մահ գրանցվել է երկու հոգի հիվանդանոցում՝ երկուսն էլ ունեցել ենք արդեն դրսում, ոչ թե հիվանդանոցում մահ: Դրսում մահ ենք ունեցել՝ երկու հոգի, բերել են հիվանդանոց, արդեն գրանցվել է, մեր մասնագետների կողմից գրանցվել է կլինիկական մահ: Իսկ հարձակված մարդկանց, ում վրա որ հարձակում են գործել, մահ չի եղել», - փոխանցեց բժիշկը՝ հավելելով, որ նրանք տեղափոխվել են Երևան ծայրահեղ ծանր վիճակում:

Վիրավորվել է նաև հիվանդասենյակում վիրավորի հետ գտնվող խնամողը, ասաց Ավետիսյանը: «Առաջին օգնություն մեր մոտ է ցուցաբերվել, վիրահատվել է մեր մոտ, նոր տեղափոխվել է Երևան: [Վիճակը] ծանր [է], ծայրահեղ ծանր», - նշեց վիրաբուժական բաժնի վարիչը:

Հիվանդանոցի բուժանձնակազմից վիրավորվածներ, տուժածներ չկան:

Հիվանդանոց ներխուժածների մոտավոր թվի մասին Արամ Ավետիսյանն ասաց. - «Շատ էին: Մոտավորապես՝ հարյուրներ, մի քանի հարյուրներ»: