Ռուսաստանի նախագահն այսօր հայտարարեց, որ ոչ աշխատանքային օրերը երկարաձգվում են մինչև մայիսի 11-ը ներառյալ: Մայիսյան տոներին, ինչպես նաև մայիսի 6-8-ը ռուսաստանցիները չեն աշխատելու:
Պուտինն այս անգամ էլ ընդգծեց, որ այդ ոչ աշխատանքային օրերը վճարվելու են: Բայցի այդ, երկրի նախագահը ևս մեկ անգամ շեշտեց, որ նահանգապետերը պահպանում են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հավելյալ լիազորությունները և ինքնուրույն կարող են որոշել կարանտինի ռեժիմից փուլ առ փուլ դուրս գալու պայմանները:
Վլադիմիր Պուտինի հատուկ ուղերձին ռուսաստանցիները սպասում էին Մոսկվայի ժամանակով 15:00-ին, սակայն նախագահն իր սովորության համաձայն քաղաքացիներին դիմեց հայտարարված ժամից 2,5 ժամ հետո:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը ապրիլի 28-ին գերազանցել է 93,5 հազարը: Մեկ օրում այն աճել է 6 հազար 411-ով: Երկրում Covid-19-ից մահացել է 867 մարդ:
Չնայած այս թվերին, Ռուսաստանի իշխանությունները մշակում են կարանտինային ռեժիմից դուրս գալու ծրագիր:
Հիշեցնենք՝ չնայած երկրում չի հայտարարվել արտակարգ դրություն, Ռուսաստանում մեկ ամսից ավելի է արդեն գործում է խիստ կարանտինային ռեժիմ, ռուսաստանցիները մեկ ամսից ավելի է արձակուրդում են, դպրոցներն ու բուհերն անցել են հեռավար ուսուցման և մինչև ուսումնական տարվա վերջ այդպես էլ մնալու է: Բուհերում չեղարկվել են ավարտական քննությունները, իսկ դպրոցական քննությունների հետ կապված իրավիճակը դեռ հասկանալի չէ:
Ռուսաստանցի տնտեսագետներն ու բիզնեսն ահազանգում են, որ կարանտինը պետք է չեղարկել, հակառակ դեպքում տնտեսական ճգնաժամից հնարավոր չի լինի արագ դուրս գալ: Ռուսաստանյան տնտեսության ճգնաժամի հիմքում բացի համաճարակից նաև էներգակիրների չափազանց ցածր գներն են:
Ռուսաստանցիներին Պուտինն ուղարկել է վճարովի արձակուրդների, սակայն նրանց աշխատավարձերը վճարում են գործատուները, իսկ գործատուների մի մասին պետությունը սրա դիմաց փոխհատուցելու է մոտ 200 դոլար յուրաքանչյուր աշխատողի համար:
Հատկապես տուժել են շինարարական, ռեստորանային ծառայությունների ոլորտները: Ռուսաստանի մի շարք մարզերում և քաղաքներում, օրինակ՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզում գործում են կարանտինի չափազանց խիստ կանոններ: Մարդիկ, այդ թվում՝ երեխաները, մեկ ամսից ավելի է՝ ինքնամեկուսացված են բնակարաններում: Տնից կարող են դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում՝ մթերային խանութ, դեղատուն և բժշկի մոտ գնալու համար:
Խիստ են նաև հասարակական տրանսպորտից և սեփական ավտոմեքենաներից օգտվելու սահմանափակումները: