Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Արտգործնախարարությունը:
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին և վերջինիս դեմ պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում իրականացվող ծրագրերին:
Այդ համատեքստում Մնացականյանն իր գերմանացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից համավարակի հետագա տարածման կանխարգելման և բնականոն կյանքի աստիճանաբար վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Երկուստեք կարևորվել է համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման և վերականգնման ծրագրերի կարևորությունը՝ տնտեսական ճգնաժամը կանխելու և միջազգային համագործակցության համատեքստում:
Զոհրաբ Մնացականյանն արժևորել է գերմանական կողմի նախաձեռնությունը՝ սատարելու Հայաստանի հետ փորձի փոխանակմամբ: