Սեդա Սաֆարյանն իր հարազատների ծեծը կապում է «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օլիգարխների հետ»

Փաստաբան Սեդա Սաֆարյանը «Ազատության» տաղավարում։

Մարտի 1-ի իրադարձությունների տուժողներից մեկի ներկայացուցիչ​ Սեդա Սաֆարյանն իր հարազատների՝ դստեր, փեսայի, նրանց ընտանիքի անդամների ծեծը կապում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մարդկանց, օլիգարխների հետ՝ դա դիտարկելով որպես պատասխան իր փաստաբանական գործունեությանը։

Սաֆարյանը նման հայտարարություն արեց այսօր «Ազատության» հետ զրույցում․ - «Շատ կենտրոնացած են եղել աղջկաս վրա։ Բոլորին խփել են, բայց շատ ավելի վատ է եղել փեսայիս ու աղջկաս վիճակը։ Տալին են խփել աղջկաս, ոտքը բարձրացրել, ծնոտին էնպես ա խփել, որ ասում ա արյունը միանգամից դեպքին ցփնվեց․․․ Փեսայիս հորն են խփել-գցել։ Տարիքով մարդկանց էլ չեն խնայել»։

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց, որ ծեծից հետո անցել է երեք օր, սակայն ձերբակալվածներ այդպես էլ չկան․ - «Ես շատ ափսոսում եմ, որ նոր Հայաստանում դեռ հին ուժերը շարունակում են դիմադրել։ Նույն ոճով էլ աշխատում են։ Քանի որ բոլորը նույնատիպ պահպանվել են, և թավիշը իրենց որևէ կերպ չի ստիպել հրատապություն դրսևորել այս կամ այն հարցում, կամ լրջություն դրսևորել, հետևապես մենք նույն իրավիճակում ենք հայտնվել։ Ես ի՞նչ գնահատական տամ՝ անգործություն կբնութագրեի»։

Սաֆարյանի խոսքով, եթե խմբով հարվածեին միայն իր փեսային, կարելի էր մտածել, որ տղամարդկանց միջև վեճ է եղել, սակայն անհասկանալի է, երբ ծեծի են ենթարկում կանանց, տարեց մարդու․ - «Ես ընդհանրապես մեր դեմ տեղի ունեցածը կապում եմ մի խումբ խմբավորումների հետ։ Դա կարևոր չի՝ Ռոբերտ Քոչարյանն է թե Ալրաղացի Լյովն է թե ուրիշ օլիգարխներ են․․․ Իրանք նույն մարդն են։ Ես իրենց ընդհանուր գտնում եմ, որ իրենք նույն նպատակին ծառայող մարդիկ են։ Մեկը ներսն է, մեկը դուրսն է, բայց բոլորին մեկ ընդհանուր շահ է կապում․ նրսնք բոլորը ուզում են, որ ես այս Մարտի 1-ի գործով չունենամ էդ ակտիվությունը»։

Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը չցանկացավ արձագանքել Սեդա Սաֆարյանին։ Իսկ Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչներից այսօր հնարավոր չեղավ արձագանք ստանալ։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դատախազի հանձնարարությամբ միջադեպի հաջորդ օրը ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից․ - «Ընթանում է շատ ակտիվ նախաքննություն։ Անհրաժեշտ քննչական, դատավարական, այլ գործողություններ են կատարվում։ Նաև օպերատիվ-հետախուզական գործողություններ են կատարվում՝ միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը ի հայտ բերելու և նրանց հետ համապատասխան գործողություններ իրականացնելու համար։ Նաև ճշտված է տուժողների շրջանակը, նրանց հետ ևս համապատասխան քննչական գործողություններ են կատարվում։ Մնացած բոլոր քրեաիրավական գնահատականները թողնենք քննության արդյունքներին»։

Դիտարկմանը, որ միջադեպից երեք օր է անցել, բայց ձերբակալվածներ չկան, Աբրահամյանն արձագանքեց․ - «Ոստիկանությունում գործողություններն սկսվել են անմիջապես դրա մասին տեղեկացվելուց հետո, այսինքն՝ երբ որ սկսվել է նյութերի նախապատրաստման պրոցեսը։ Մասնակից անձանցից մի քանիսին ներկայացրել են ոստիկանություն, նրանց հետ կատարվել են համապատասխան գործողություններ։ Կարծում եմ, եթե առկա լինեին ձերբակալման բավարար հիմքեր, ոստիկանությանը ոչինչ չէր կաշկանդում դա իրականացնել։ Համենայն դեպս, նախնական քննության օրինականության շրջանակներում դատախազությունը կստուգի նաև այդ գործողությունների իրավաչափությունը և, դրան համապատասխան, կտա գնահատականներ»։