Ըստ ԼՂ պաշտպանության նախկին նախարարի՝ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է 400 հա տարածք

«Միանշանակ Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է», - այսօր Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից հետո հայտարարեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, այժմ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը:

Լրագրողների հարցերին, թե այդ օրերին եղե՞լ է օպերատիվ հետախուզական տվյալների պակաս, Մնացականյանը պատասխանեց. - «Այդ մասով դեռևս այդ հարցին չպատասխանեմ, որովհետև հարցեր կան, որ պետք է ճշտվեն: Դա արդեն հանձնաժողովը կորոշի, եթե կարիք կլինի ներկայացնելու, կներկայացնեն, եթե՝ ոչ, արդեն հանձնաժողովն իր աշխատանքի վերջում ամբողջական կներկայացնի»:

«Կա վերլուծական և՛ Պաշտպանության բանակի, և՛ գլխավոր շտաբի ,ու այդ կատարված վերլուծականի հիման վրա որոշումներ կան, որոնք հիմա ընթացքի մեջ են», - նշեց Մնացականյանը:

Լեռնային Ղարաբաղի ոստիկանապետը նշեց՝ իրենց հաշվարկով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է մինչև 400 հեկտար:

Թեև 2016-ի ապրիլյան պատերազմից հետո նախկին նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր 800 հեկտարի կորստի մասին, սակայն վերջերս նա հայտարարել էր, թե հայկական կողմը 400 հեկտար է կորցրել։

Հարցերից մեկը, որին պետք է անդրադառնար մոտ մեկ տարի առաջ ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովը, հետևյան էր՝ արդյո՞ք հրամանատարները իրենց որոշումներով համարժեք և օպերատիվ են արձագանքել հակառակորդի գործողությունների ինչպես կանխմանը, այնպես էլ խափանմանը։

Հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը անցած հունիսին՝ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկին, հայտարարում էր, թե կորսված 800 հեկտարի հարցն էլ չեն շրջանցելու, զոհերի համար մեղավորներին էլ՝ եթե կան այդպիսիք։