Իսրայելը այսօր վաղ առավոտյան օդային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին: Այս մասին հաղորդում է Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալությունը:
Ըստ սիրիական աղբյուրների, իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկին` վնասելով այստեղ գտնվող բնակելի շենքերից մեկը: «Իսրայելական հարվածի հետևանքով երեք խաղաղ բնակիչ զոհվել է, ևս չորսը, այդ թվում` մեկ անչափահաս, վիրավորվել են», - տեղեկացնում է սիրիական գործակալությունը:
Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տվյալներով՝ իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել, որոնցից երեքը խաղաղ բնակիչներ են, մյուս չորսը` երկրում գործող իրանամետ խմբավորումներից մեկի զինյալներ:
Սիրիայի իշխանությունները նաև պնդում են, որ Իսրայելի ռազմական ինքնաթիռները Դամասկոսի ուղղությամբ հրթիռներն արձակել են հարևան Լիբանանի օդային տարածքից: «Արձակված հրթիռներից մի քանիսը ոչնչացվել են Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից», - նշված է SANA գործակալության հաղորդագրության մեջ:
Իսրայելի իշխանությունները Սիրիայի տարածքը հրթիռակոծելու մասին տեղեկություններն առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանում: