Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ նամակ էր հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։
Պատրիարքին և Թուրքիայի հայ համայնքին հասցեագրված նամակում մասնավորապես ասված է. «Ամբողջ աշխարհի հետ միասին մեր անցկացրած այս դժվար օրերին մեր քաղաքացիների միջև համերաշխության զգացումը ուժեղանալով շարունակվում է: Բարձրյալից խնդրում եմ, որ մեր վաղվա օրը իրար ավելի մոտ լինենք, միասնականության ու միության զգացումներն էլ` ավելի ուժեղ։ Հարգանքով հիշում եմ աշխարհի ժողովուրդներին մեծ ցավ պատճառած Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում մահացած օսմանցի հայերին, իմ անկեղծ ցավակցությունը հայտնում նրանց թոռներին:
Այս առիթով Աստծուց ողորմածություն եմ խնդրում այս ցավալի ժամանակաշրջանում մահացած օսմանյան բոլոր քաղաքացիների համար։ Ոչ մի դեպքում թույլ չենք տվել և թույլ չենք տալու օտարացնել մեր որևէ քաղաքացու, խտրական վերաբերմունքի արժանացնել հավատքի կամ ինքնության պատճառով: Բոլորիս համընդհանուր նպատակը մեր անցյալի բարեկամությունից և մարդկային բարձր իդեալներից ուժ ստանալով միասնական ապագայի կառուցումն է: Բոլորիս հայտնի են այն շրջանակները, որոնք անտեսելով Անատոլիայի ծոցից ծնված մեր միասնականությունը, ցանկանում են պատմությունից թշնամություն քաղել։
Մեր ամենակարևոր ցանկությունն այն է, որ հնարավորություն չտրվի այլ նպատակներ հետապնդող շրջանակներին, հատկապես, երբ մենք միասնությամբ, բարեկեցությամբ ու խաղաղությամբ լեցուն ապագա ենք ցանկանում կառուցել։ Այս մտորումներով ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին աշխարհամարտում մեր կորցրած օսմանցի հայերին, բոլորիդ բարօրություն եմ մաղթում»։