Սաակաշվիլիին փոխվարչապետ նշանակման հարցում չի հաջողվել ստանալ Ռադայի խոշորագույն խմբակցության աջակցությունը

Նախօրեին Կիևում մի քանի ժամ շարունակված քննարկումների արդյունքում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին այդպես էլ չի հաջողվել Գերագույն ռադայում մեծամասնություն կազմող «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամներին համոզել քվեարկել փոխվարչապետի պաշտոնում իր նշանակման օգտին: Այս մասին հաղորդում են ուկրաինական աղբյուրները` վկայակոչելով իշխող խմբակցության ներսում իրենց աղբյուրները:

«Ուկրաինսկայա Պրավդա» պարբերականի տեղեկություններով՝ խմբակցության անդամները մտավախություններ ունեն, որ նշանակման դեպքում Միխեիլ Սաակաշվիլին կարող է հավակնել վարչապետի պաշտոնին, ինչն էլ կարող է հանգեցնել կառավարության ներքին ճգնաժամի:

Առաջիկա օրերին Վրաստանի նախկին նախագահը պետք է հանդիպի Ուկրաինայի խորհրդարանում ներկայացված մյուս խմբակցությունների անդամների հետ` փորձելով ստանալ նրանց աջակցությունը: Ըստ ամենայնի, Սաակաշվիլիի փոխվարչապետի պաշտոնում նշանակման հարցը Գերագույն ռադայում քվեարկության կդրվի արդեն հաջորդ շաբաթ:

Սաակաշվիլիին բարձր կառավարական պաշտոն զբաղեցնելու առաջարկով այս շաբաթ դիմել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: