Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 180 անգամ, արձակվել է 3500 կրակոց. ԼՂ ՊՆ

Ապրիլի 19-25-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրությունում նշված է, որ բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 21-ին` ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է Արցախի օդային սահմանը հատած, ադրբեջանական զինուժին պատկանող, ‹‹ORBITER›› տիպի անօդաչու թռչող սարքը:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում Արցախի օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը վստահորեն իրականացնելու համար, ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում: