Հարավկորեական մամուլի պնդմամբ՝ Կիմ Չոն Ունը ենթարկվել է սրտի վիրահատության

Հարավկորեական մամուլի տեղեկություններով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չոն Ունը արդեն մի քանի օր է ինչ հետվիրահատական բուժման կուրս է անցնում մայրաքաղաք Փհենյանից դուրս գտնվող իր ամառանոցներից մեկում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը ապրիլի 12-ին սրտի վիրահատության է ենթարկվել:

Հարավային Կորեայում լույս տեսնող Daily NK պարբերականը պնդում է, որ Կիմ Չոն Ունի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է վերջին ամիսներին` ծխելու և ճարպակալման հետևանքով:

Կիմ Չոն Ունի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը ի հայտ եկան այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի ղեկավարը չմասնակցեց ապրիլի 15-ին Փհենյանում կազմակերպված հանդիսություններին, որոնք նվիրված էին իր պապի` պետության հիմնադիր Կիմ Իր Սենի 108-ամյակին:

Reuters-ի տեղեկություններով, երկու օր առաջ` ապրիլի 23-ին, Չինաստանը պատվիրակություն է ուղարկել Փհենյան, որի կազմում նաև բժիշկներ են ընդգրկված: Սրան զուգահեռ Reuters-ի Հարավային Կորեայում գտնվող մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ այս պահին Կիմ Չոն Ունի կյանքին վտանգ չի սպառնում, և նա մոտ ապագայում կարող է հայտնվել տեսախցիկների առջև: