ԱՄՆ-ը և ԵՄ-ն որոշեցին միլիարդներ ներդնել տնտեսության մեջ` դիմակայելու համաճարակին

Շաբաթներ շարունակված թեժ քննարկումներից հետո` երեկ ուշ երեկոյան Միացյալ Նահանգների իշխանություններն ու Եվրամիության առաջնորդները որոշեցին միլիարդներ ներարկել տնտեսության մեջ` դիմակայելու համաճարակին, որն արդեն իսկ 190 հազար կյանք է խլել աշխարհով մեկ, կաթվածահար արել տնտեսությունը, միլիոնավոր մարդկանց դարձրել գործազուրկ ու կարիքավոր:

Ամերիկայում Ներկայացուցիչների տունը հաստատեց օրինագիծը, որով հավելյալ մոտ կես միլիարդ դոլար կհատկացվի փոքր բիզնեսին ու առողջապահական կազմակերպություններին:

«Նժարին ամերիկացիների կյանքն է ու առողջությունը», - օրինագծի հաստատումից հետո հայտարարեց Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին` մեջբերելով վիճակագրական վերջին ցուցանիշները.
մոտ 900 հազար ամերիկացի արդեն իսկ վարակվել է, և այժմ պայքարում է հիվանդության դեմ, 50 հազարը մահացել է:

Աննախադեպ են նաև ամերիկյան տնտեսության վնասները. մարտից` համաճարակի բռնկումից ի վեր, գործազուրկ է դարձել ավելի քան 26 միլիոն մարդ, կամ` ամերիկյան աշխատուժի մոտ 15 տոկոսը: Օր-օրի խորացող ճգնաժամին դիմակայելու համար Կոնգրեսը շաբաթներ առաջ դեռ որոշել էր բյուջեից 2,5 տրիլիոն դոլարի օգնություն հատկացնել, որն իր ծավալով արդեն իսկ ռեկորդային էր Նահանգների պատմության մեջ: Սակայն, անգամ այդ գումարը չէր բավականացրել` ստիպելով հավելյալ քայլեր ձեռնարկել:

ԵՄ-ում գործազրկությունն աճում է, պետական պարտքը` խորանում

Իրավիճակը նույնն է նաև համաճարակի մյուս էպիկենտրոնում` Եվրամիությունում, ուր փորձագետներն այս տարի տնտեսության հինգից-տասը տոկոսի անկում են կանխատեսում, գործազրկությունն արդեն իսկ աճում է, պետական պարտքը` խորանում:

Տասնամյակներ առաջ ստեղծված դաշինքը, սակայն, մինչ օրս թեժ քննարկում է` ինչպես պետք է արձագանքի համաճարակի հասցրած վնասներին` միասնական, թե յուրաքանչյուրն իր մասով:

Վիրուսից առավել տուժած Իսպանիայում, Իտալիայում ու Ֆրանսիայում պնդում են` այս հարցում էլ Եվրամիությունը պետք է համերաշխություն դրսևորի և ընդհանուր պարտքը բաշխի բոլոր միջև:

Հակառակ ճամբարում` Գերմանիան, Ավստրիան ու Նիդեռլանդները, չեն ժխտում` կարիքավորներին պե՛տք է օգնել, բայց ոչ թե նրանց պարտքը սեփական ուսերին վերցնելու, այլ` վարկեր տրամադրելու միջոցով:

Երեկ, կրկին չկարողանալով համաձայնության գալ, առաջնորդները որոշեցին վիճահարույց այս հարցը թողնել Եվրահանձնաժողովի հայեցողությանը` հանձնարարելով կառույցին առաջիկա երկու շաբաթների ընթացքում առաջարկներ ու լուծումներ ներկայացնել:

Մինչ այդ, ի նշան համերաշխության դաշինքը որոշեց` հատուկ Վերականգման հիմնադրամ ստեղծել` եվրոպական ընկերություններին ու համաճարակից առավել տուժած երկրներին աջակցելու համար: Առաջարկը ներկայացրել էր Իտալիան, որը մահացությունների ու վարակակիրների ցուցանիշով առաջատարներից մեկն է ոչ միայն Եվրոպայում, այլև` աշխարհում:

«Մենք հասանք Եվրոպայի պատմության մեջ մի կարևոր ու պատմական հանգրվանի», - ողջունելով համաձայնությունը՝ հայտարարեց Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, հույս հայտնելով, որ այսուհետ եվրոպական արձագանքը կլինի առավել ուժգին, առավել համակարգված ու արդյունավետ:

Նախնական փուլում, ըստ հաղորդումների, հիմնադրամի հաշվին կլինի շուրջ կես միլիարդ եվրո, առաջնորդները, սակայն, չեն բացառում, որ հետագայում ֆինանսավորումը կարող է բազմապատկվել:

Երեկվա հեռակապի ընթացքում Եվրամիության երկրները նաև համաձայնել են համակարգել և միմյանց տեղյակ պահել` երբ և ինչ չափով են մեղմում կարանտինային սահմանափակումները: Թեև համաճարակից ամենաշատը տուժած երկրներում` Իսպանիայում և Իտալիայում մահացության ու վարակի դեպքերը նվազում են, սակայն դեռ վաղ է խոսել հաղթանակի մասին, փաստում են փորձագետները:

Հարավային Կորեայում երեկ առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

Մինչ այդ, շոշափելի առաջընթացի մասին են հայտարարում Հարավային Կորեայի իշխանությունները` երեկ, առաջին անգամ համաճարակի բռնկումից ի վեր 53 միլիոն բնակիչ ունեցող երկրում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել, հայտնաբերվել է ընդամենը վեց նոր դեպք: Ընդ որում, տեղի իշխանություններն այս ընթացքում երբևէ կարանտին չեն հայտարարել, Սեուլը ի սկզբանե ընտրել է զանգվածային թեստավորման, տեխնոլոգիական միջոցներով վարակակիրներին հետևելու, շփման շրջանակը պարզելու և մեկուսացնելու տարբերակը:

Երեկ էլ կառավարությունը նոր ուղեցույց է հրապարակել` քաղաքացիներին հորդորելով աշխատավայրում զգոնությունը չկորցնել, տրանսպորտում միայնակ նստել, խանութներում պահպանել մեկ մետր հեռավորությունը, ռեստորան գնալիս էլ` արագ ճաշել ու երկար չմնալ:

«Քանի դեռ պատվաստանյութը գտնված չէ, մենք ստիպված ենք վերանայել կյանքի նորմերը», - հայտարարել է երկրի գլխավոր համաճարակաբանը:

Պատվաստանյութի մասով որոնումները դեռ շարունակվում են

Պատվաստանյութի մասով որոնումները դեռ շարունակվում են: Ամերիկայում, Գերմանիայում և Չինաստանում արդեն իսկ սկսել են փորձարկումները, երեկ էլ նրանց միացան բրիտանացի գիտնականները: Նոր նյութը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանում, նախօրեին այն ներարկվել է երկու կամավորների, ընդ որում, նրանցից մեկը նույն համալսարանի գիտաշխատող է, բայց` այլ գծով:

«Ես ինքս էլ գիտնական եմ, և ուզում եմ փորձել ու աջակցել գիտությանը հնարավոր ամեն տարբերակով: եվ քանի որ իմ ուսումնասիրությունները վիրուսներին որևէ կերպ չեն առնչվում, մի տեսակ անպետք եմ զգում ինձ այս օրերին, ուստի որոշեցի գոնե այսկերպ իմ ներդրումն ունենալ», - ասել է նա:

Ընդհանուր առմամբ, այս պահին աշխարհի տասնյակ լաբորատորիաներում ու համալսարաններում պատվաստանյութի մոտ հարյուր տարբերակ է մշակվում: Սակայն, որքան էլ եռանդուն են այդ ջանքերը, վերջնական արդյունքը ակնկալվում է 1-1,5 տարի անց միայն:

Մինչ այդ մասնագետները հորդորում են չկորցնել զգոնությունը` չծանրաբեռնելու առողջապահական համակարգը, որտեղ միլիոնավոր բուժաշխատողներ` արդեն մի քանի ամիս իրենց ընտանիքից հեռու անքուն գիշերներ են անցկացնում:

Առաջնագծում աշխատողներին հեռակա աջակցելու և շնորհակալություն հայտնելու համար Նյու Յորքում մի քանի շաբաթ է հատուկ արշավ է սկսել. ամեն հինգշաբթի բնակիչները պատշգամբ են դուրս գալիս` հեռվից, բայց միասին որևէ երգ կատարելու: Անցած շաբաթ` Ֆրանկ Սինատրայի Նյու Յորքը, երեկ էլ` Բիլ Ուիզերսի «Հենվիր ինձ»-ն էր լցրել Մանհեթենի փողոցները:

Համաճարակի էպիկենտրոններից մեկը դարձած քաղաքում կորոնավիրուսի զոհ է դարձել շուրջ 10 հազար մարդ, մոտ 150 հազարը դեռ պայքարում է հիվանդության դեմ: