Երկրորդ աշխարհամարտի ավարտը Ռուսաստանում կնշեն սեպտեմբերի 3-ին

Կուրիլյան կղզիները:

Անտեսելով Ռուսաստանի մարդու իրավունքների խորհրդի հնչեցրած քննադատությունը, նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Պետական դումայի և Դաշնության խորհրդի ընդունած օրենքը, որի համաձայն, Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրը կնշվի սեպտեմբերի 3-ին:

Աշխարհի պետությունների մեծ մասը ժամանակին սեպտեմբերի 2-ն է հռչակել Երկրորդ աշխարհամարտի ավարտի օր:

Սակայն Ռուսաստանը որոշել է այդ օրվա համար ընտրել սեպտեմբերի 3-ը, քանի որ 1945 թվականին այդ օրը «Խորհրդային Միության բանակը պարտության է մատնել Ճապոնիային և վճռական ներդրում է ապահովել Երկրորդ աշխարհամարտն ավարտելու գործում»:

Ռուսաստանի նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը «սխալ» է որակել այդ որոշումը:

Ճապոնիան և Ռուսաստանը պատերազմի ավարտից հետո տակավին չեն կնքել խաղաղ դաշինք, քանի որ առայսօր չի կարգավորվել Կուրիլյան կղզիների շուրջ վեճը:

Խորհրդային բանակը Կուրիլյան կղզիները գրավել է պատերազմի ավարտի օրերին: Ճապոնիան այդ կղզիներն անվանում է «Հյուսիսային տարածք»: