Ասլան Բժանիան՝ Աբխազիայի փաստացի ղեկավար

Ասլան Բժանիան ստանձնեց Աբխազիայի փաստացի նախագահի լիազորությունները, Սուխումի, 23 ապրիլի, 2020թ.

Երեկ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում տեղի է ունեցել ինքնահռչակ հանրապետության նորընտիր նախագահ Ասլան Բժանիայի երդման հանդիսավոր արարողությունը:

Հինգ տարով նախագահ ընտրված Բժանիան հայտարարել է, որ սերտորեն համագործակցելու է Ռուսաստանի իշխանության հետ:

Աբխազիան 1992 թվականին է Վրաստանից անկախություն հռչակել: Դրա հետևանքով սկսվել է վրաց-աբխազական երկարատև արյունալի պատերազմը:

Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսյան կարճատև ռուս-վրացական պատերազմից հետո է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, որը ճանաչել են ընդամենը մի քանի պետություններ:

Ռուսաստանի զորամիավորումները տեղակայված են այդ երկու անջատական տարածքներում:

Բժանիան մարտի 22-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում է հաղթող ճանաչվել:

Դրանից երեք ամիս առաջ Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկել է 2014 թվականից նախագահող Ռաուլ Խաջիմբայի հաղթանակը:

Այդ որոշումը բողոքի ցույցերի առիթ է դարձել, սակայն ի վերջո Խաջիմբան հրաժարվել է հետագա պայքարից: