Թուրքիայում ապրող շատ հայաստանցիներ կանգնած են երկընտրանքի առջև՝ վերադառնալ հայրենիք, թե ոչ

Դատարկված Իսթիքլալ փողոցը Ստամբուլում, արխիվ

Թուրքիայում ապրող շատ հայաստանցիներ կանգնած են դժվար երկընտրանքի առջև՝ վերադառնալ հայրենիք, թե մնալ իրենց հիմնական բնակավայրը դարձած երկրում։

Առաջիկայում նախատեսվում է նորից կազմակերպել ցանկացողների մեկնումը, շաբաթներ առաջ էլ Ստամբուլում բնակվող մոտ 70 հայաստանցիներ վերադարձել էին Հայաստանի իշխանությունների աջակցությամբ։

Տարիներ առաջ արտագնա աշխատանքի նպատակով Թուրքիա մեկնած հարյուրավոր հայաստանցիներ կորոնավիրուսի համաճարակի առաջացրած ճգնաժամի հետևանքով զրկվել են աշխատանքից: Հայաստան վերադառնալ ուզում են, սակայն այնտեղ ոչ աշխատանք ունեն, ոչ էլ տանիք:

Արդեն չորս տարի Ստամբուլում ապրող, երկու երեխաներին միայնակ մեծացնող Զառա Կրիվոնոսովային Հայաստան վերադառնալու մտքից ետ է պահում սեփական բնակարան չունենալը:

«Ժամանակավոր կացարանի դեպքում հնարավոր կլիներ, հա, մտածել գնալ, որովհետև էն ծանր աշխատանքը, որ էստեղ ենք անում, էն հացը, որ էստեղ ենք հայթայթում, ես գտնում եմ, որ հայրենի հողի վրա ավելի հեշտ կլիներ: Ուղղակի, որ արդեն նստած ես ինչ-որ կտուրի տակ ու մտածել, որ պետք է իջնես հայրենի հողում լացող ուռենու տակ նստես, այսինքն՝ առանց կտուրի, ակամայից հետ ես քեզ պահում այդ մտքից», - ասաց Կրիվոնոսովան:

Բնակարանային հարցը օրակարգային է նաև Արփինե Վահրադյանի ընտանիքում: Իրերը հավաքել ու սպասում է Հայաստան գնացող հաջորդ ավտոբուսին, երեք երեխաների հետ վերադառնալու է հայրենի Արթիկ: Անորոշության մեջ է՝ 13 տարի Թուրքիայում ապրելուց հետո չի պատկերացնում, թե ինչ է իրենց սպասվում Հայաստանում: Ասում է՝ հայրենիքում բնակարան գնելու համար օգնություն է խնդրել վարչապետից, նամակներով դիմել է Նիկոլ Փաշինյանին ու նրա տիկնոջը, սակայն պատասխան չի ստացել:

«Հայաստանի իշխանություններից կխնդրեի մեզ օգնեն՝ մենք բանկի միջոցով տուն գնենք, մենք էլի ամսական վարկի նման ամեն ամիս կփակենք, մենակ էդ է մեր խնդրանքը: Անցած տարի, որ Հայաստան գնացինք, ասեցինք՝ տուն ենք ուզում վերցնենք, մեզ ոչ մի բանկ էլ չտվեց, որովհետև ասում է՝ «Հայաստանում դուք գրանցված չեք որպես աշխատող, դուք ընդհանրապես վարկային պատմություն չունեք»: Մենք բացատրեցինք, որ, հա, Հայաստան չենք եղել, բայց էնպես չի, որ մենք ճիշտ է օտար երկրում ենք աշխատում, բայց տուն ենք ուզում ձեռք բերել», - նշեց Վահրադյանը:

Վերադարձի ճամփան բռնած հայաստանցիները նաև փաստաթղթային խնդիրներ ունեն՝ անվավեր անձնագրեր, առանց ծննդականի երեխաներ: Շատերն էլ վախենում են արտաքսվել և զրկվել Թուրքիա վերադառնալու հնարավորությունից: Ոմանք ստիպված են այստեղ թողնել իրենց ընտանիքի անդամներին, տարիների ընթացքում ձեռք բերած շարժական գույքը:

Հայաստանի փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը, օրերս անդրադառնալով Թուրքիայում փաստաթղթային խնդիրներ ունեցող հայաստանցիներին, վստահեցրել էր, որ անհրաժեշտ փաստաթղթային փաթեթները ստանալու դեպքում նախարարությունը անմիջապես կզբաղվի Հայաստանի քաղաքացիների խնդիրներով:

«Ես կխնդրեի, որ այս ամբողջ փաթեթն՝ իր բոլոր խնդիրներով շտապ, օպերատիվ կերպով ուղարկվի ԱԳՆ-ի համապատասխան վարչություն: Վստահաբար՝ անմիջապես կսկսենք դրանով զբաղվել և կգտնենք խնդիրներին լուծում տալու ամենաօպտիմալ ձևաչափերը», - ասաց Ավետ Ադոնցը:

Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների թվի մասին հստակ վիճակագրական տվյալներ չկան։ Անցած տարի նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիայում 100 հազար հայ կա, նրանցից 60 հազարը քաղաքացիություն ունի, 40 հազարը՝ անօրինական է ապրում։

Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից ի վեր։