Եվրամիության անդամ երկրների առաջնորդներն այսօր տեսակապի միջոցով կքննարկեն համաճարակի հետևանքով տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիները:
Օրակարգի առանցքային հարցը Եվրոպական հիմնադրամի ստեղծումն է, որի միջոցները կուղղվեն համաճարակից ամենաշատը տուժած երկրներին:
Եվրամիության անդամ երկրներից ամենահզոր տնտեսությունն ունեցող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկման նախօրեին հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է «էապես մեծ հանգանակություն» անել` կորոնավիրուսի հետևանքով տուժած դաշինքի անդամներին ճգնաժամից դուրս բերելու համար:
Առայժմ հստակ չէ, թե ինչպես են հավաքագրվելու հիմնադրամի գումարները և ինչ սկզբունքով են դրանք հատկացվելու՝ պարտքի՞, թե՞ դրամաշնորհների տեսքով: