Հայաստանի ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական ուղերձներ են հղել Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ցավակցական ուղերձներ են հղել սփյուռքահայ գիտնական և գործարար, բարերար, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ:

«Ասո Թավիթյանի մահը մեծ կորուստ էր բոլորիս համար։ Նա ժամանակակից հայկական սփյուռքի և ԱՄՆ հայկական համայնքի ամենանշանավոր և կարկառուն դեմքերից էր, ով հայտնի էր ոչ միայն որպես տաղանդավոր գիտնական և գործարար, այլ նաև մեկենաս և առատաձեռն բարերար։ Մեծ դրվատանքի և երախտագիտության է արժանի հատկապես Հայաստանին ցուցաբերած նրա բազմամյա օժանդակությունը։ Հայաստանի անկախության տարիներին նրա միջոցներով և ջանքերով շուրջ 300 պետական ծառայող և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կրթություն են ստացել և վերապատրաստվել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

Նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. -«Ասո Թավիթյանը հայրենիք-սփյուռք կապերի յուրատեսակ կամուրջ էր։ Նա չէր ծնվել Հայաստանում, չէր բնակվում Հայաստանում, սակայն մշտապես ապրում էր Հայաստանով՝ բազմիցս այցելելով և ամեն կերպ սատար լինելով հայրենիքին։ Թավիթյան բարերարի համար առաջնային էր առաջադեմ ու զարգացած Հայաստանի տեսլականը, որը նա կյանքի էր կոչում տարբեր նախագծերի, հատկապես կրթական ծրագրերին ֆինանսավորմամբ։ «Թավիթյան» հիմնադրամի միջոցով բազմաթիվ հայ երիտասարդներ են ուսանել կամ վերապատրաստվել ամերիկյան հեղինակավոր բուհերում, մասնավորապես Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

Մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ միջազգային տարբեր հեղինակավոր հարթակներում Ասո Թավիթյանը մշտապես խոսում էր հայրենիքին ու իր ժողովրդին ամեն կերպ աջակցելու անհրաժեշտության մասին, համարելով, որ Հայրենիքն ու Սփյուռքը մեկ մարմին ու մեկ հոգի են»:

«Խորը ցավով տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ազգի մեծ բարերար ու բարեգործ, մարդասեր և հայրենասեր, մեր սիրելի բարեկամ Ասո Թավիթյանի անակնկալ մահվան մասին։ Նրա վախճանը ծանր կորուստ է մեր Սուրբ Եկեղեցու և ողջ ազգի համար», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է Գարեգին երկրորդ կաթողիկոսի ուղերձում:

«Հնարավոր չէ ամբողջությամբ թվարկել մեր սիրելի Ասոյի բոլոր հայրենանվեր գործերը։ Իր բազմակողմ գործունեության մեջ կարևոր տեղ էր գրավում Հայոց Եկեղեցին, որին զորակցելու միջոցով բարեհիշատակ տիար Թավիթյանը յուրօրինակ իր տուրքն էր մատուցում ազգային ինքնության և ոգու ամրապնդման ձեռնարկներին։ Նրա ազնիվ հանձնառությամբ և ամենայն նախանձախնդրությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց իրականացվել «Հայոց Եկեղեցին 21-րդ դարում» ծրագիրը՝ նոր դարի իրողություններին ներդաշնակ կառավարվող Հայոց Եկեղեցի ունենալու տեսլականով։ Այդ կապակցությամբ բազում առիթներ ենք ունեցել վայելելու մեծանուն հայորդու ներկայությունը Սուրբ Էջմիածնում», - գրում է Վեհափառը՝ հայտնելով, որ առաջիկա կիրակի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան պաշտոն է կատարելու Ասո Թավիթյանի հոգու հանգստության համար։

Ասո Թավիթյանը վախճանվել է ապրիլի 21-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սքոթբրիջ քաղաքում, 80 տարեկանում: