Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հաստատել է մամուլի լուրերը, որ Ուկրաինայի նախագահի կողմից առաջարկ է ստացել զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը՝ բարեփոխումների գծով:
«Ինձ համար մեծ պատիվ է նման առաջարկ ստանալ նախագահ Զելենսկու կողմից»,- ասել է Սաակաշվիլին:
Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ Ուկրաինայի վարչապետի հետ բովանդակալից և օգտակար զրույց է ունեցել, որի ընթացքում մանրամասնորեն քննարկել են կառավարությունում իր հնարավոր աշխատանքի հետ կապված բոլոր հարցերը:
Սաակաշվիլին նշել է, որ պլանավորում է խորհրդարանին ներկայացնել «անհապաղ փոփոխությունների» առաջարկներ, որոնց կարիքը կա «Ուկրաինայի համար այս դժվարին շրջանում»:
Մամուլը վկայակոչելով պատգամավորներին, գրել է, որ Վրաստանի նախկին նախագահ ներկա է գտնվելու խորհրդարանի ապրիլի 24-ի նիստին:
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի իշխանության սկզբնական շրջանում ևս Սաակաշվիլին պետական պաշտոններ էր զբաղեցրել, բայց նրանց հարաբերությունները վատթարացան ու նա հրաժարական տվեց Օդեսայի նահանգապետի պաշտոնից: Ավելի ուշ Ուկրաինայի իշխանությունները նրան վտարեցին երկրից:
Վրաստանում Սաակաշվիլիի դեմ հարուցված քրեական գործեր կան: Նա մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով: