Ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում հարուցված քրեական գործերը պետք է կարգավորվեն հայկական օրենսդրության ու Սահմանադրության համապատասխան, պնդում են Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությանը։
«Լավրովը չի որոշում չէ՞ Հայաստանում դատական իշխանության կամ գործերի քննության հարցը, որևէ քրեական գործ չի կարող չքննվել որևէ երկրի արտգործնախարարի հայտարարությամբ: Հայաստանում որևէ քրեական գործ չի կարող փակվել քաղաքական նպատակայնություններով», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում Հայաստանի համար գազի սակագինը նվազեցնելու մասին խոսակցությունները տրամաբանական համարեց` ընդգծելով՝ դաշնակիցները պիտի տնտեսական առավելություններ ստանան: Այդուհանդերձ, ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, դաշնակցային առավելությունները պետք է դրսևորվեն բոլոր ոլորտներում։ Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանում ռուսական Հարավկովկասյան երկաթուղիների և այլ ընկերությունների դեմ սկսված դատական գործընթացները կկարգավորվեն դաշնակիցներին հարիր կերպով:
«Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ», - նշել է Լավրովը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը անընդունելի է համարում ռազմավարական գործընկեր պետությունների միջև մի բանի դիմաց մեկ այլ բան սկզբունքով հարցեր լուծելը:
«Օրվա իշխանություններով չի որոշվում հայ-ռուսական հարաբերությունների որակը և բովանդակությունը, չէ՞, մենք գիտենք: Իշխանությունը ընդեղ կփոխվի, ստեղ կփոխվի, թե ինչ կլինի, մեր երկրում օրենքներ են գործում, եթե մենք հայտարարել ենք, որ օրենքները բոլորի համար են, դա կապ չունի, թե որ բաժնետերն է, որտեղից է և այլն», - նշեց Մելքումյանը:
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ դաշնակիցները պետք է ստանան տնտեսական առավելություններ, այդուհանդերձ կան որոշակի պայմանագրային պարտավորություններ: Դե իսկ Հայաստանի ներսում «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից սպառողներին հասնող գազի սակագները Լավրովը քրոնիկական խնդիր է համարել, որը տարիներ շարունակ չի լուծվում։
«Դրանք, այնպիսին են, որ բարդացնում են գնագոյացման հարցում հնարավորին չափ գերադասելի մոտեցման իրականացումը», - ասել է Սերգեյ Լավրովը:
Ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն, որը Ռուսաստանի պետական «Գազպրոմ»-ի դուստր ընկերությունն է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներքին սակագները վերանայելու և շուրջ 11 տոկոսով Հայաստանի սպառողների համար գազի գինը բարձրացնելու հայտ է ներկայացրել: Ընկերությունն առաջարկում է բոլոր սպառողների համար գազի միասնական սակագին սահմանել 283,14 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց, ներկայիս միջին 255,06 դոլարի փոխարեն։ Ռուսական գազի նույն ծավալի գինը սահմանին 165 դոլար է․ այսինքն՝ այն սպառողներին միջին հաշվով շուրջ 90 դոլարով ավելի թանկ է հասնում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը «Ազատությանը» հայտնեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտն այժմ ուսումնասիրման փուլում է։ «Որի համար հանձնաժողովն ունի մինչև 80 աշխատանքային օր: Իսկ երբ որոշումն էլ կայանա, այն ուժի մեջ է մտնում 30 օր հետո», - ասաց Ազիզյանը:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պիտի մերժի «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը:
«Հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ համաշխարհային տնտեսության վիճակն այնպիսին է, որ գազը չի կարող թանկանալ, բնականաբար, դրան գումարած նաև նավթագազային ամբողջ մթերքը, ըստ էության, նվազում, էժանանում և նավթն էլ արդեն 0 դոլար կամ մինուս 0 դոլար արժի», - ասաց Մարուքյանը:
Հատկանշական է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտի ներկայացումից ընդամենը մեկ օր առաջ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկել է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ Հայաստանի գազամատակարարման համակարգն անարդյունավետ է: Նրա խոսքով՝ վերջին երկու տարում Հայաստանի իշխանություններն այդ համակարգը բարեփոխելու ուղղությամբ որևէ էական քայլ չեն արել:
«Մեր իշխանությունները չեն կատարել իրենց տնային առաջադրանքը, այսինքն՝ չեն ցույց տվել «Գազպրոմ Արմենիա»-ի անարդյունավետ ծախսերի տեղերը, անարդյունավետ գնումների տեղերը, ինչպես իրենք են նշում, բազմաթիվ քրեական գործեր, այդ քրեական գործերով չեն կարողացել ապահովել խնայողություններ», - ասաց Պարսյանը:
Տնտեսագետը համոզված է, որ այդ համակարգի արդյունավետությունը կարելի էր այստեղ՝ Հայաստանում լուծել։ Այժմ, ըստ Պարսյանի, կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ կան՝ առաջին դեպքում դրանք բանակցություններն են կամ էլ կառավարության կողմից գազի սակագների բարձրացման սուբսիդավորումը, երկարաժամկետ լուծման համար անհրաժեշտ է կրճատել գազի մատակարարման կորուստները, վերանայել գնումները, մեթոդաբանությունը: