Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է ևս 7-ով՝ հասնելով 47-ի: Այս մասին հայտնեց մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում:
Մարզպետը նշեց, որ 47 վարակվածներից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկը բժիշկ է, 9-ը դեպք հաստատվել է պոլիկլինիկայում, որոնցից երկուսը բժիշկ են:
«Վարդենիսի պոլիկլինիկան հիմա չի աշխատում, բայց մենք թեժ գծին հաղորդել ենք պոլիկլինիկայի բժիշկների կոնտակտները: Մեր բնակիչները, եթե կարիք ունեն, կարող են զանգել և նրանց համապատասխան ցուցումներ կտան: Հիվանդանոցը գործում է մասնակի: Հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքը ամբողջությամբ գործում է», - ասաց Սանոսյանը:
Պարետի որոշմամբ այսօր վաղ առավոտից փակվել է Վարդենիսի ելումուտը, այս ռեժիմը կտևի մինչև ապրիլի 28-ը։ Քաղաք կարող են մուտք գործել միայն վարդենիսցիներն ու որոշ ապրանքատեսակների մատակարարում իրականացնողները։