Քաղաքացիները երեք օր ունեն փետրվար և մարտ ամիսների կոմունալները վճարելու համար։ Եթե չվճարեն, երեք օրից «Գազպրոմ Արմենիան» և «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կդադարեցնեն բնակիչների գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Այս ընկերություններն այդ մասին արդեն տեղեկացրել են իրենց կայքերում՝ հղում կատարելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա հայտարարությունը:
Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր ավելի վաղ հայտարարել է, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները կատարելուն խոչընդոտող ֆորս մաժորը այսօրվանից համարվում է վերացած, և հորդորում է բոլոր բաժանորդներին կատարել կոմունալ վճարումները՝ անխափան մատակարարում ապահովելու համար:
ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյան․ - «Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած, և բնակիչ բաժանորդները կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարեն, քանի որ էներգետիկ համակարգը հնարավոր է, որ անհուսալի և վտանգավոր իրավիճակում հայտնվի»։
Ըստ հանձնաժողովի, ֆորս մաժորը վերացված է համարվում, քանի որ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, և էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը:
Հանձնաժողովը ֆորս մաժորի մասին հայտարարել էր մեկ ամիս առաջ՝ մարտի 25-ին: Այդ հայտարարության մեջ նշվում էր, որ մատակարարված էլեկտրաէներգիայի, գազի և ջրի դիմաց վճարման կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը շարունակվելու է մինչև արտակարգ դրության ավարտը, և մատակարարները չվճարելու դեպքում չեն կարող անջատել հոսանքը, գազը կամ ջուրը:
Արտակարգ դրությունը երկարաձգվեց, սահմանափակումները մեծ մասամբ պահպանվում են, սակայն հիմա կոմունալների համար վճարումները պահանջում են։
Պարետի վերջին որոշմամբ թույլատրվել է միայն ծխախոտի, ցեմենտի, բետոնի, գիպսի, գաջի և մետաղե կոնստրուկցիաների արտադրությունը ու շինարարության իրականացումը, այն էլ՝ ոչ ամբողջությամբ:
«Նշված էր [ֆորս մաժորը] մինչև արտակարգ դրության ավարտը։ Արտակարգ դրության ավարտը, եթե հիշում եք, նախանշված էր մինչև ապրիլի 14-ը։ Հիմա երկարաձգման արդյունքում ստացվեց այնպես, որ այլևս հնարավորություն չկա էս իրավիճակը պահելու։ Եվ դրա համար հայտարարվեց, որ ամսի 22-ից հետո համարվում է վերացած»։
Հանձնաժողովը, այդուհանդերձ, հավելում է, որ քաղաքացիները կարող են կոնկրետ դեպքերի համար հիմնավորումներ ունենալու դեպքում դիմել մատակարարներին՝ կոմունալները չվճարելը ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։
Պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ հանձնաժողովն իրենց հավատացրել է, որ վերահսկելու է այս գործընթացը և ամեն ինչ անելու է, որ որևէ քաղաքացի վճարել չկարողանալու պարագայում չզրկվի կոմունալ ծառայություններից․ - «Պարետատանը տեղեկացրել են այդ որոշման մասին։ Բայց հաշվի առնելով, որ ՀԾԿՀ-ն անկախ մարմին է՝ ինքն է պատասխանատու այս որոշումը կայացնելու համար»։
Ազգային ժողովում նույնպես անդրադարձ եղավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյանի խոսքով, հիմնավորումները, թե Կառավարության աջակցության ծրագրերից հետո մարդիկ արդեն գումար ունեն կոմունալները վճարելու համար, համոզիչ չեն․ - «Քաղաքացիների համար սա բավականին լուրջ խնդիր է։ Եվ եթե նման որոշումներ, նման հայտարարություններ է անում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, նա դրա սոցիալական հետևանքները առնվազն պետք է գնահատի, նոր անի։ Սրանք պայմանագրային հարաբերություններ են, իսկ պայմանագրային հարաբերությունների չկատարման հիմքում ֆորսմաժորային հանգամանքներն են։ Դուք, որպես պետության կամ պետական մարմին, կարող եք հայտարարել, որ գանահատում եք, որ ֆորսմաժորային իրավիճակները առկա են, բայց որպես այդ նույն մարմին, իրավունք չունեք գնահատելու, որ վերացել են այդ հանգամանքները։ Որովհետև քաղաքացիների համար այդ հանգամանքները շարունակում են գոյություն ունենալ»։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նման որոշումը անընդունելի և դատապարտելի է համարում․ - «Չափազանց մտահոգիչ է հայտնի բաջանաղի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա տարածած հայտարարությունը: Ես չեմ քննարկում, թե մեր բնակիչները, մեր համաքաղաքացիները ունե՞ն անհրաժեշտ միջոցներ կոմունալ վճարումները կատարելու համար։ Բայց բուն տեքստը, որ ֆորս մաժորը հաղթահարված է, ինքնին վտանգավոր է։ Եվ դա առաջացնում է ռիսկեր, որ մարդիկ կարող են ուղղակի ավելի հանգիստ նայել ստեղծված իրավիճակին և հաղթահարված համարել համաճարակը։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Ես դատապարտում եմ Կառավարության նշված հանձնաժողովի այս հայտարարությունը»։