Սերժ Սարգսյանի փաստաբանների խնդրանքով դատական նիստը հետաձգվել է

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է», - գրել է Մակինյանը՝ խոստանալով հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին տեղեկացնել լրացուցիչ:

Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Հայաստանի երրորդ նախագահի գործով առաջին դատական նիստը կայացել է փետրվարի 25-ին: