Պարետի որոշմամբ այսօր վաղ առավոտից փակվել է Վարդենիսի ելումուտը, այս ռեժիմը կտևի մինչև ապրիլի 28-ը։
Արգելվում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը համայնք: Մարզպետ Գնել Սանոսյանն «Ազատությանն» ասաց՝ Վարդենիս կարող են մուտք գործել միայն վարդենիսցիներն ու որոշ ապրանքատեսակների մատակարարում իրականացնողները։
Բացառություն է սահմանվում միայն մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ն, Վարդենիս համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքի համար:
«Առաջին դեպքն արձանագրվել է պոլիկլինիկայում, որից հետո հիմա հիվանդանոցում ունենք 12 դեպք և 9 դեպք պոլիկլինիկայում, մնացած անձինք քաղաքի բնակիչներ են», - ասաց մարզպետը:
«Ազատության» հարցին, թե կրոնական ի՞նչ հավաքույթների մասին էին խոսում, Սանոսյանը պատասխանեց. «Ես մինչև հիմա էլ փորձել եմ զերծ մնալ անձնական տվյալները հրապարակելուց, ընդամենը կասեմ, որ հաստատված դեպքերի մեջ ունենք քաղաքացիներ, որոնք կրոնական ինչ-որ խմբավորման անդամներ են, բայց մեր խնդիրն է բոլորին բուժել և բոլորի մասին հոգ տանել, հայտնաբերել սկզբնաղբյուրը, որի հետ կապված որոշակի դժվարություններ ունենք և դեռևս չենք կարողանում հասկանալ՝ հիվանդությունը որտեղից է Վարդենիս հասել: Առկա հիվանդների բոլոր կոնտակտը հնարավոր ճշտել ենք, մոտ 150 անձ արդեն տեղափոխվել է համապատասխան հյուրանոցներ, ովքեր շփումներ են ունեցել մեր հիվանդների հետ և աշխատանքները արտակարգ ռեժիմով շարունակվում են»:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 40 դեպք։
Ավելի մանրամասն՝ այստեղ