Ամուսնությունից հետո բժիշկ-բուժքույր երիտասարդ զույգը մեղրամիսը վայելելու փոխարեն տեղափոխվել է Երևանի հյուրանոցներից մեկը՝ հոգ տանելու այնտեղ բուժվող կորոնավիրուսով վարակված շուրջ 100 հիվանդների համար։ Այս պացիենտները հիվանդանոցում չեն, քանի որ հիվանդությունը թեթև են տանում։
Գեորգի և Տաթև Կանտարիա զույգը ապրիլի 5-ից գործընկերների հետ 24-ժամյա ռեժիմով աշխատանքի մեջ է։
«Իհարկե, ոչ մեկ չէր պատկերացնի, որ այսպես կարող էր անդրադառնալ, այսպես օրեր ունենար թե՛ բնակչությունը, թե՛ բժիշկները լարված աշխատանք ունենային, ոչ մեկ չէր սպասում դա: Սակայն մենք կհաղթահարենք ամեն ինչ՝ միասին աշխատելով, իրար օգնելով, և շուտով կվերադառնանք մեր սովորական առօրյային», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գեորգի Կանտարիան:
«Էն հիվանդներով, որոնցով զբաղվում է Գեորգին, ես իր բուժքույրն եմ, իրեն օգնում եմ, ստացվում է, որ աշխատանքային պրոցեսի ժամանակ էլ ենք միասին: Չէի պատկերացնում, որ ուրիշ ձևով է՝ ընտանեկան հարաբերությունների նման չի, աշխատանքային է, բայց մենք միշտ միասին ենք լինում», - ասաց Տաթևը:
Երիտասարդ զույգը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է աշխատում։ Ամուսնությունից հետո, երբ դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել, հասցրեցին մեկշաբաթյա հանգստի մեկնել։ Վերադառնալուն պես շտապեցին աշխատանքի։ Գերադասեցին միասին աշխատել, քան՝ առանձնանալ։
«Դա պատճառներից մեկն է, որ մեր կարիքը կա, և առանձին-առանձին՝ մեկը տանը լինի, մեկը՝ աշխատանքի, դա ավելի վատ կլիներ, քան թե միասին, միահամուռ ուժերով օգնեինք: Ամուսնացել ենք փետրվարի 28-ին, ճիշտ ասած՝ ուզում էինք ապրիլին ամուսնանայինք, այդպես էինք պլանավորել, բայց չգիտեմ ինչը ստիպեց, որ մտքափոխվեինք, ավելի շուտ անեինք հարսանիքը, և դա մեզ օգնեց, որ հենց էս կարանտինի ժամանակ մենք չարեցինք հարսանիքը, թե չէ չէինք կարող՝ 20 հոգուց ավել չէինք հավաքվի», - ասաց Գեորգին՝ շարունակելով. - «Մեկ շաբաթ հասցրել ենք արտասահման մեկնել, հենց վերադարձել ենք՝ արդեն սրվել էր իրավիճակը Հայաստանում, էլ ոչ մի բան չկարողացանք, մնացածը շարունակում ենք այստեղ»:
Գեորգին մասնագիտությամբ ուրոլոգ է, վերապրոֆիլավորվել է և այժմ զբաղված է նոր կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ։ Պարբերաբար մասնագիտական խորհրդատվություն են ստանում և այս ծանրաբեռնված օրերին անձնական երջանկությունը մի կողմ դրած՝ հիվանդասենյակից հիվանդասենյակ անցնում։
«Դժվար կլիներ էսպես պատկերացնել, բայց դե ոչինչ, սա էլ կանցնի, կգնա, ու կանցնենք՝ էն մեր պատկերացրած օրերին կվերադառնանք: Աշխատանքը ծանրաբեռնված է, հստակ ինչ-որ թիվ չկա, որովհետև ամեն օր մենք արդեն ունենք դուրս գրվողներ, առողջացած պացիենտներ ունենք, և նույնպես ավելանում են, հենց ազատ տեղ է լինում: Միջինով, էս պահի դրությամբ, մոտ 100 հոգի է», - ասաց բժիշկը:
Հեշտ չէ, ասում են, բայց պատրաստ են պատվով դուրս գալ այս փորձությունից. - «Իհարկե, մեր հարազատները հասկանում են իրավիճակը և նույնպես իրենք փորձում են մեզ օգնել՝ տանից դուրս չգալով: Պետք է ուղղակի մի փոքր սպասենք»:
Գեորգին շեշտում է՝ հյուրանոցում են տեղակայվել թեթև հիվանդները, որոնք չունեն ախտանշաններ։ Շաբաթներ առաջ այս հարցը Կառավարությունում քննարկվել էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ անհրաժեշտության դեպքում որոշ հիվանդների կտեղակայեն հյուրանոցներում:
«Եթե ինչ-որ հարցեր են առաջանում, մենք բարձրանում ենք: Օրինակ՝ մարդիկ կան, ով որ ճնշման հետ խնդիր ունի, ով որ սթրեսից իրեն լավ չի զգում, բժիշկը գնում է տեսակցության պացիենտին, սնունդն է բաժանվում, դեղորայքն է կարգավորվում՝ նշանակումները, որովհետև կան մեզ մոտ նաև խրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտներ, որոնց պետք է ժամանակին հասցնել իրենց դեղորայքը, և առօրյա մենք միշտ ինչ-որ աշխատանք ունենք», - նշեց Գեորգի Կանտարիան:
Նորահարս Տաթևը, որ դեռ չի հասցրել ընտելանալ ամուսնական կյանքին, հյուր ընդունել, հյուրընկալվել, ամուսնու հետ տարբեր միջոցառումների մասնակցել և վերջապես՝ համեղ ուտեստներ պատրաստել սիրելիի համար, չի ափսոսում իր ու ամուսնու այս ընտրության համար. - «Կհասցնեմ դեռ, ինձ թվում է, պատրաստել, արդեն կամաց-կամաց հասկանում եմ՝ ինքը ինչ է սիրում, ինչ չի սիրում, արդեն որ գնանք տուն, կսովորեմ, ճիշտն ասած՝ դեռ չեմ սովորել, կսովորեմ ու կպատրաստեմ իր սիրած ուտելիքները: Կհասցնենք, մենք դեռ մի ամբողջ կյանք ունենք իրար հետ»:
«Արտասովոր մեղրամսի մասին հետագայում պատմելու բան կունենանք», - կատակում են նորապսակներն ու հորդորում մարդկանց տանը մնալ, որ իրենք էլ շուտ կարողանան սովորական կյանքի վերադառնալ։
«Իհարկե, կունենանք հետաքրքիր պատմելու, որովհետև մեր մոտ ամեն օրը ինչ-որ մի հետաքրքիր բան լինում է: Չնայած որ գտնվում ենք մի շենքում, բայց պացիենտների, օրինակ, սենյակում երգում են, որպեսզի ժամանակը անցնի, փորձում են ինչ-որ խաղեր մտածել՝ սենյակից դուրս չգալով, ինտերնետի օգնությամբ: Շատ հետաքրքիր բաներ են մտածում պացիենտները», - ասաց Գեորգին: