Արցախի պաշտպանության բանակն Ադրբեջանի անօդաչու թռչող սարք է խոցել

Արխիվային լուսանկար

Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական ORBITER տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության և գրագետ գործողությունների արդյունքում այսօր խոցել այն: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության նախարարությունը նշում է նաև, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ:

«Հատկանշական է, որ նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթիռներից և ուղղաթիռներից, ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել Արցախի օդային տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՊՆ-ն հերթական անգամ հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից ու նաև հավաստիացնում, որ ցանկացած նախահարձակ գործողություն ստանալու է արժանի պատասխան: