«Դոմոդեդովոյում» հավաքվելու անհրաժեշտություն չկա, ասում է ԱԳ փոխնախարարը

«Դոմոդեդովոյում» հավաքվելու անհրաժեշտություն չկա, այս մասին այսօր հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

Նախօրեին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել: Հայրենիք շտապ չվերթի կազմակերպման հույսով օդանավակայանում գտնվող քաղաքացիները հրաժարվել էին շենքից հեռանալ:

«Նախ ես բոլոր մեր հայրենակիցներին, ինչպես նաև Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կհորդորեմ ենթարկվել այն բոլոր կանոններին, որոնք որ առաջարկվում են երկրների կառավարությունների կողմից: Եթե սահմանափակումները վերաբերում են, որ 2 հոգուց ավելի հավաք չպիտի լինի, ուրեմն չպիտի լինի, եթե պարտադրում են, որ մասկաներ ունենալ, ապա պետք է ունենալ: Ռուսաստանում մեր դեսպանությունը ձևավորել է մի մեխանիզմ, որի արդյունքում մեր քաղաքացիներն ունենում են ժամանակավոր կեցավայր, մինչև չկայանա կամ տեղի չունենա այն թռիչքը, որն իրենց կվերադարձնի Հայաստան: «Դոմոդեդովոյում» հավաքվելու անհրաժեշտությունը չկա»,- նշեց նա:

«Դոմոդեդովոյում» սպասող Տիգրան Մնացականյանը «Ազատությանը» պատմել էր, որ իրենց դուրս էին հրավիրել մեկ ժամով՝ իբր շենքում ախտահանում կատարելու համար․- «Էկան իրանց մոտի անվտանգության աշխատողները, մեզ խնդրեցին, թե դուրս էկեք, մի ժամ դրսում սպասեք, հետո ներս կգաք։ Հետո հելան դուրս, ասեցին գնացեք։ Մենք էլ գնացել ենք շատ հարգալից, շատ նորմալ»,- ասել էր նա` հավելելով, որ տեղում մոտ 120 հոգի կար:

Ապրիլի 19-ին և 20-ին Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի: Նրանք 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում: Ադոնցը վստահեցրեց` ցանկություն հայտնած մինչև վերջին քաղաքացին կվերադառնա Հայաստան:

Արտակարգ դրության ընթացքում՝ մարտի 14 ից սկսած, Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։

«Վերադարձի չվերթներն իրականացվում են կամ կոմերցիոն սկզբունքով մինիմալ գնային քաղաքականության պայմաններում, կամ լինում են դեպքեր, երբ ամբողջ օդանավը ֆինանսավորվում է այս կամ այն համայնքային անհատի կամ կազմակերպության կողմից, այսինքն` դրա ֆինանսական կոմպոնենտները բավականին դիվերսիֆիկացված են: Մենք բավականին մեծ, շատ մեծ, բայց ես չէ, որ պիտի դրա մասին խոսեմ, բավականին մեծ ռեսուրս ենք ծախսում այստեղ իրենց վերադառնալուց հետո առողջապահական անվտանգությունն ապահովելու համար, և առաջին հերթին նկատի ունեմ կարանտինը, որը պարտադիր է Հայաստան վերադարձող ցանկացած մեկի համար»:

Հովհաննես Նալբանդյանը Հայաստան է վերադարձել ապրիլի 12-ի չվերթով և այժմ 14 օրով մեկուսացված է «Հայաթ» հյուրանոցում: Ասում է` իրենց թռիչքի օրը կուտակումները օդանավակայանում շատ չէին, քանի որ Ռուսաստանի այլ քաղաքներից ժամանած Հայաստանի քաղաքացիներին տեղավորել էին հյուրատներում.- «Աշխատանք չկար, մեր աշխատելու տեղը մնալու տեղ չկար, դիմեցի դեսպանատուն, գնացի, այնտեղ էլոկտրոնային պոչտայի հասցե տվեցին մեզի, որ զանգենք, դիմենք իրենց: 99 տոկոսը երևի հա (արտագաղթի մեկնածներն են), տարբեր տեղերից են, Մոսկվայից չէին բոլորը»:

Այս պահին արտերկրում գտնվող 1283 քաղաքացի է դիմել` Հայաստան վերադառնալու համար: Փոխնախարարն ասաց՝ աշխարհագրությունը շատ տարբեր է` ԱՄՆ, եվրոպական երկրներ, Ռուսաստան: Նրանց տեղափոխումն արդյունավետ կազմակերպելու համար փոխնախարարը քաղաքացիներին հորդորում է ակտիվ աշխատել այդ երկրներում Հայաստանի դեսպանատների հետ: