Ավտոկայանատեղիների «կարմիր գծերը» միայն Կենտրոնում ու Արաբկիրում։ Իշխանական «Իմ քայը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյան ու Սիփան Փաշինյանն օրենդրական նախաձեռնությամբ առաջարկում են վերացնել մայրաքաղաքի 10-ը վարչական շրջաններում տեղակայված վճարովի կայանատեղիները։
Առաջարկվող փոփոխությամբ, վարչական ակտն էլ կկազմվի ոչ թե լուսանկարի, այլ առնվազն 15 րոպե տևողությամբ տեսանյութի հիման վրա։
Սիսակ Գաբրիելյան․ - «Վարչարարություն կարող է իրականացվել բացառապես տեսանյութի առկայության դեպքում։ Ինչպես տեսանկարահանող և լուսանկարահանող արագաչափերի դեպքում է, երբ մենք, օրինակ, սխալ կայանման դեպքում ենք ստանում տեսանյութ առնվազն մեկ րոպե տևողությամբ, այս դեպքում էլ կլինի տեսանյութ տասնհինգ րոպե տևողությամբ»։
«Կարմիր գծի» տարածքում կայանած մեքենաների վնասման կամ գողության դեպքում էլ կայանատեղիների սպասարկմամբ զբաղվող քաղաքային ընկերությունը ոստիկանությանը պարտադիր կտրամադրի տեսանյութը։ «Մեր մոտեցումը հետևյալն է․ որտեղ կլինի կարմիր գծեր, այնտեղ պարտադիր է լինելու տեսախցիկների առկայությունը, ինչը ենթադրում է, որ միանշանակ պարտադիր է լինելու տեսանյութի առկայությունը», - նշեց Գաբրիելյան։
Նախագծով նախատեսվում է ստեղծել նաև բջջային հավելված, որի միջոցով քաղաքացիները կտեղեկանան ազատ կայանատեղիների վերաբերյալ։ Փակ կամ համարանիշ չունեցող մեքենաների կայանումը «կարմիր գծերի» վրա կարգելվի, դրանք կտեղափոխվեն հատուկ տարածք։
Սիսակ Գաբրիելյան․ - «Ավագանուն տալիս ենք այդ լիազորությունը՝ իր հայեցողությամբ այստեղ լուծումներ գտնել։ Կարող է դա լինել, օրինակ, վաճառքի և վարձույթի համար նախատեսված մեքենաների համար նախատեսել առանձին հատվածներ և, բնականաբար, իրենց համար նախատեսել առանձին սակագներ։ Այսինքն՝ եթե մենք վարձույթով կամ վաճառքի համար չենք կայանում մեր մեքենան, մեզ համար, պայմանական եմ ասում, հարյուր դրամ պետք է լինի ժամավճարը, ապա այս մեքենաների դեպքում, քանի որ իրենք նաև տնտեսական գործունեություն են ծավալում․․․», - ասաց պատգամավորը։
Նա նշեց նաև, որ օրենդրական փոփոխությամբ Կենտրոն ու Արաբկիր վարչական շրջաններում սակագների փոխություն չի նախատեսվում։
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը նկատում է, որ իշխանական պատգամավորների առաջարկություններից բացի, պետք է կայանման համար նախատեսված տարեկան, ամսական, շաբաթական վճարները փոխարինել ժամայինով։
Նա համոզված է, որ այդ դեպքում նույն Կենտրոնի կայանատեղիների ծանրաբեռնվածությունը կնվազի, աշխարհի տարբեր երկներում այդ փորձը կա․ - «Դա ինչի է արված, որպեսզի դու չգաս, մեքենադ թողնես մեկ այլ հատվածում և փորձես հեծանիվով շրջես, հետո գաս նստես մեքենադ, գնաս։ Այսինքն՝ եթե դու եկել ես ինչ-որ տեղ, մի ժամ-երկու ժամ կանգնես, քո գործը անես, շուտ հեռանաս էդ հատվածից, որպեսզի այլ մարդ էլ գա, կանգնի»։
Քեյանի խոսքով, սակայն, առաջնայինը լրացուցիչ կայանատեղիների ստեղծումն է․ - «Փոխեք դպրոցական ժամերը ինստիտուտի ժամերի հետ։ Պետական մի շարք ընկերություններ պետք է տեղափոխվեն, կենտրոնից դեպի ծայրամասեր տարվեն։ Օրինակ, Կենտրոնի թաղապետարանը կայանատեղի չի տրամադրում քաղաքացիներին։ Ունի կայանատեղի, որը արգելափակված է, միայն իրենց աշխատողների համար է»։
«Կարմիր գծերի» շուրջ 80 տոկոսի վերացման օրինագիծը, ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, ամենայն հավանականությամբ շրջանառության մեջ կդրվի այս շաբաթվա ընթացքում ու հնարավոր է ընդունվի արդեն աշնանը: