Կորոնավիրուսի հետևանքով պոլսահայ համայնքում 12 մահ, շուրջ 53 հիվանդ կա, 15 հոգի էլ ապաքինվել է, «Ազատության» հետ զրույցում Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն ամփոփեց պատրիարքարանի ունեցած տվյալները:
Նա նշեց, որ համաճարակի առաջին օրերից պարտրիարքարանը թաղային խորհուրդների, եկեղեցիների և քաղաքային իշխանությունների հետ համագործակցության մեջ է` համայնքի խոցելի խավերին և օգնության կարիք ունեցողներին աջակցելու համար: Նրա խոսքով` պոլսահայ համայնքը համախմբված է համաճարակի դեմ պայքարում:
«Ովքեր օգնության, սննդի կարիք ունեն, նրանց օգնություն կհասցնենք, սննդի տոպրակներ ենք պատրաստում, մինչև այժմ 1100-ից ավելի այսպես օգնության սննդի տոպրակներ ենք ուղարկել, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- փոխանցեց նա:
Այս աջակցությունից անմասն չեն մնում նաև Ստամբուլում բնակվող հայաստանցիները, միևնույն ժամանակ պատրիարքարանը ներգրավված է հայրենիք վերադառնալ ցանկացող հայաստանցիների մեկնման կազմակերպչական աշխատանքներում:
Անցած շաբաթ տեղեկություն էր տարածվել, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրիարքի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն էր հայտնել դեղորայքային օգնություն ցուցաբերել Հայաստանին: Սահակ Երկրորդ Մաշալյանը պարզաբանում է` թուրքական իշխանությունները ցանկանում էին դեղորայքով օգնել Հայաստան մեկնող հայաստանցիներին:
Ըստ նրա` այս 70 քաղաքացիները Հայաստանի իշխանությունների հետ կապ են հաստատել, վերջիններս նշել են, որ այդ դեղորայքի կարիքը չկա, և դեղերը պատրիարքարանը փոխանցել է ազգային հիվանդանոցին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.