Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 75-ամյակին նվիրված մայիսի 9-ի տոնակատարությունը հետաձգվում է:
Որոշումն ընդունվել է երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման կապակցությամբ: Այդ մասին նախագահ Պուտինը երեկ հաղորդել է Անվտանգության խորհրդի նիստում:
«Մայիսի 9-ին միջոցառումներ անցկացնելու համար որոշումը պետք է արդեն այս օրերին ընդունել, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի վտանգը և այն հանգամանքը, որ մենք պիկը դեռ չենք անցել, ես չեմ կարող արձակել զորահանդեսին և զանգվածային միջոցառումներին պատրաստվելու հրահանգ»,- ասել է Պուտինը:
Հաղթանակին նվիրված միջոցառումներ տեղի չեն ունենա նաև Դաշնության այլ շրջաններում:
Ռուսաստանում մինչև ապրիլի 30-ը գործում է մասնակի կարանտինի և ինքնամեկուսացման ռեժիմ:
Բնակիչների մեծ մասին կարգադրել են տանը մնալ: Աշխատում են պետական հիմնարկները, իրավապահները, բանկերը, կապի և տրանսպորտի ծառայությունները, ռազմաարդյունաբերական համալիրի հիմնարկները և պետության համար կենսական նշանակության այլ կառույցներ:
Պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 28 հազար դեպք, մահացել է ավելի քան 230 մարդ:
Ընդդիմադիր գործիչների և անկախ փորձագետների կարծիքով, վարակակիրների և մահացածների իրական թիվն ավելի բարձր է: