Փաստաբանի փոխանցմամբ, արքեպիսկոպոս Կճոյանը չի ընդունում մեղադրանքը

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան, արխիվ։

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել իրեն առաջադրված մեղադրանքը։

Փոխարենը պաշտպան Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն համարում է երևակայության արդյունք․ - «Լինի քննիչ, լինի դատախազ, լինի պաշտոնատար անձ, ով ուզում է լինի, թող ներկայացնի գեթ մի ապացույց, փաստ, համարձակվեն ընդամենը հայտարարել, որ Սրբազանին առաջարկվել է գոնե մեկ լումա այդ գումարից, կամ տրվել է նրան գոնե մեկ լումա»:

Ըստ պաշտպանի, արքեպիսկոպոս Կճոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախության և փողերի լվացման մեջ։ Մեղադրանքն Ազգային անվտանգության ծառայությունում առաջադրվել է ապրիլի 13-ին, կապված է տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ, որի կիզակետում էին հայտնվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նույն ինքը Կճոյանը։

Դեռ տարիներ առաջ նախկին իշխանությունների օրոք էր գործ հարուցվել, սակայն մեղադրանք էր առաջադրվել միայն մեկ անձի։ Շուրջ երեք տարի առաջ «Օֆշորի գործով» 16 տարվա ազատազրկման դատապարտվեց Աշոտ Սուքիասյանը, ով քավոր-սանիկական հարաբերություններ մեջ է եղել արքեպիսկոպոս Կճոյանի հետ։


Նա դեռ տարիներ առաջ պնդել է, որ Տիգրան Սարգսյանն ու արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային ընկերության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:

Օֆշորի գործով տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը շարունակում է պնդել՝ և՛ նախկին վարչապետը, և՛ արքեպիսկոպոս Կճոյանը ներգրավված են եղել խարդախությունների մեջ։ Նա համոզված է, որ եթե իշխանափոխություն չլիներ, գործն այդպես էլ տեղից չէր շարժվի։

Հեղափոխությունից հետո Հայրապետյանը անձամբ վարչապետին նամակ է գրել՝ քրեական գործն իրավապահների ուշադրության կենտրոնում պահելու համար․ - «Սառեցված էր, առանձնացված էր Կճոյանի, մեկ էլ Սարգսյանի գործը։ Ես դիմում գրեցի վարչապետին, գործը բաց արեցին, սկսեցին քննությունը։ Քննությունը մի երեք անգամ կատարեցին, քննեցին, դրանից հետո էդ Աշոտին դատարանը բաց թողեց՝ առանց հասկանալու»:

Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մեղադրանք է առաջադրվել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին, որը 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող գործարարի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանի Հանրապետությունում վերամշակելու և վաճառքի հանելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերվել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքեր և գրավադրվել են բանկերից մեկում։ Բանկից ստացել են շուրջ 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ՝ խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելությունը: