Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում շատ բան է փոխվել, և բազմաթիվ տնտեսագետների կանխատեսումներով՝ տնտեսական անկումը լինելու է շատ ավելի խորը, քան նույնիսկ 2008-09 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ։ Ազգային ժողովի ամբիոնից այսօր իր ելույթը այսպես սկսեց Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Մարտին Գալստյանը։
Խորհրդարանն այսօր առավոտից քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը։
«Տնտեսական քաղաքականության ձևակերպման տեսանկյունից կան անհասանելի դժվարություններ՝ նախևառաջ պայմանավորված ճգնաժամի առաջին հերթին առողջապահական լինելու փաստով և ուղեկցվող անորոշություններով», - ասաց ԿԲ նախագահի թեկնածուն:
Գալստյանը հայտնեց, որ Կենտրոնական բանկը դեռևս մարտի սկզբին առևտրային բանկերի ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկել էր հնարավոր զարգացումները՝ պայմանավորված վարկառուների ֆինանսական դիրքի հնարավոր վատթարացմամբ, և հորդորել էր ցուցաբերել անհատական մոտեցում վարկառուներին ու հետաձգել վարկերի վճարումները:
«Պայմանավորվածության համաձայն, Կենտրոնական բանկն իր կողմից որոշակիորեն թուլացրել է ֆինանսական հաստատությունների կարգավորման ռեժիմը, ինչպես նաև վեց ամիս ժամկետով երկարաձգվել է ընթացիկ մարումների ժամկետները միջազգային ծրագրերով և ծրագրային հիփոթեքային վարկերի համար: Բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն է տրվել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկերի պայմանները վերանայել այնպես, որ առկա իրավիճակում վարկերի մարումների ուշացումները բացասաբար չանդրադառնան վարկառուների վարկային պատմության վրա և հնարավորինս չավելանա վերջիններիս վարկային բեռը, սա կարևոր է», - նշեց Մարտին Գալստյանը:
Վերջաբանի փոխարեն էլ հավելեց՝ շոկերը մեր կյանքի անբաժանելի ուղեկիցն են լինելու, դրանք լինելու են ավելի հաճախ, ավելի անկանխատեսելի և ուժեղ:
«Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ցանկացած իրավիճակում մակրոկայունությունը կպահպանվի, գները կմնան կայուն, իսկ ֆինանսական համակարգը կաշխատի անխափան», - ասաց Գալստյանը:
Նկատենք, որ այլ խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել։
Մարտին Գալստյանը 2018-ից առ այսօր Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։ Երևանի պետական համալսարանում ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան, որպես մագիստրոս սովորել Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան Կառավարման դպրոցում, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Հիշեցնենք՝ 2008 թվականից ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։
37 պատգամավոր հարցուպատասխանի միջոցով փորձում են դետալ առ դետալ մասնագիտական նրբություններ ճշտել ԿԲ նախագահի թեկնածուից։ Օրինակ՝ ինչպե՞ս է փորձելու կառույցը պահպանել իր անկախությունը կառավարությունից, կաշկանդված չի՞ լինի ԿԲ խորհրդի անդամը նախագահ դառնալու դեպքում բացահայտել որոշ չարաշահումներ, որոնց մասին ժամանակին լուրեր են պտտվել։ Հարցերը բազմազան էին, այդուհանդերձ, կորոնավիրուսի թեման կարմիր թելով շոշափվում էր դրանցում։ «Իմ քայլից» խնդրանք հնչեց՝ գնահատական տալ կառավարության քայլերին՝ կորոնավիրուսի պայմաններում բիզնեսի աջակցությանը։
«Սոցիալական ծախսեր անելով դու բիզնեսին օգնում ես, որովհետև այդ աշխատավարձի խնդիրը որոշակիորեն լուծում ես, բայց բիզնեսին գումար տալով երաշխավորված չի, որ դու սոցիալական հարցերին որոշակի հասցեագրում ես տալիս: Շատ մեծ անորոշություն կա, օրինակ, առողջապահական տեսանկյունից՝ սա մի ալիքո՞վ է լինելու, թե՞ ինքը նահանջելու է ու վերադառնալու է, չգիտեմ, աշնանը, այդ դեպքում, եթե մենք հիման մեր բոլոր հնարավոր միջոցները կիրառենք, ի՞նչ ենք անելու աշնանը», - պատասխանեց թեկնածուն:
Վաղը 10:30-12:30-ը տեղի կունենա փակ, գաղտնի քվեարկությունը, որի ժամանակ էլ կորոշվի՝ կընտրվի՞ արդյոք 6 տարվա ժամկետով Մարտին Գալստյանը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։
Կորոնավիրուսային պայմաններից ելնելով՝ պատգամավորներին խնդրեցին քվեարկությանը ներկայանալ անհատակ գրիչներով, խումբ առ խումբ։