Սանիտարահամաճարակային իրավիճակը Ռուսաստանում օրեցօր վատանում է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթը մի քանի անգամ կորոնավիրուսի համաճարակի տարածման հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրները կարգավորելու նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս:
Այսօր Պուտինը, մասնավորապես, հայտարարել է, թե պետությունը կորոնավիրուսից տուժած ընկերություններին հավելյալ օգնություն կտրամադրի: Օգնությունը մեկ աշխատակցի համար կկազմի ամսական 12 հազար 130 ռուբլի, սա 200 դոլից մի քիչ է պակաս:
«Այդ միջոցները ձեռնարկությունները կկարողանան ուղղել ընթացիկ առավել հրատապ խնդիրների լուծմանը, այդ թվում՝ աշխատավարձերի վճարմանը, ապրիլին և մայիսին իրենց աշխատակիցների աշխատանքի վարձատրության մակարդակի պահպանմանը», - ասել է Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահը հանձնարարել է տուժած ոլորտների ցանկում ներառել նաև ոչ պարենային մանրածախ առևտուրը: Գործարարները կարող են դիմել օգնության համար արդեն մայիսի սկզբին:
ՌԴ իշխանությունները ստիպված են գնում այս քայլերին: Վերլուծաբանները ակտիվ քննադատում են իշխանություններին այս իրավիճակում բիզնեսին չօգնելու համար, իսկ կորոնավիրուսի համաճարակի տարածումն, ինչպես իշխանություններն են ասում, դեռ նույնիսկ չի հասել իր պիկին:
Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի վարակման նոր 3 հազար 388 դեպք է արձանագրվել, նախօրեին աճը կազմել էր 2 հազար 774 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 24 հազար 499-ի: Ռուսաստանում վարակի էպիկենտրոնը Մոսկվան է:
Մոսկվայի իշխանությունները տարբեր միջոցներ են ձեռնարկում վարակի էլ ավելի տարածումը կանխելու կամ գոնե մեղմելու համար, սակայն հաճախակի հակառակն է ստացվում:
Այսօր, մասնավորապես, մայրաքաղաքում և Մոսկվայի մարզում սկսել են գործել հատուկ էլեկտրոնային անցագրերը, և ոստիկանությունն առավոտյան ստուգում էր բոլոր մոսկվացիներին, ինչի արդյունքում հսկայական հերթեր ու խցանումներ են առաջացել Մոսկվայի մետրոյի մի քանի կայաններում:
Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, թե այս իրավիճակն առաջացել էր ոստիկանության գործողությունների պատճառով:
Ռուսաստանի մայրաքաղաք բերող բոլոր մայրուղիները վերահսկում է Ճանապարհային ոստիկանությունը: Սեփական ավտոմեքենայից կամ քաղաքային տրանսպորտից օգտվելու համար անհրաժեշտ է ստանալ հատուկ անցագրեր Մոսկվայի քաղաքապետարանի կայքում: Խանութ կամ դեղատուն ոտքով գնալու համար դրանք դեռ պետք չեն, սակայն իրավիճակը կարող է փոխվել: Մոսկվայի իշխանությունները կարող են էլ ավելի խստացնել կարանտինի պայմանները:
Ռուսաստանում արտակարգ դրություն հայտարարված չէ, սակայն գրեթե բոլոր մարզերում հայտարարված է կարանտինային ռեժիմ և արձակուրդներ են մինչև ապրիլի 30-ը: