Հաղթանակ Շահումյան․ Ինձ ավելի շատ մտահոգում է մեր երկրի վաղվա օրը

Համավարակի պատճառով ինքնամեկուսացման այս ժամանակաշրջանը թվում է, թե առավել ստեղծագործական կարող է լինել արվեստի այն ճյուղերի ներկայացուցիչների համար, որոնց աշխատանքը առանց այս համավարակի
էլ ինքնամեկուսացում է ենթադրում՝ կոմպոզիտորներ, գրողներ, թարգմանիչներ, գեղանկարիչներ և այլք:

Բայց յուրաքանչյուր արվեստագետ թերևս բազմաթիվ հանգամանքներով՝ այդ թվում և սեփական հոգեհուզական բնույթով
պայմանավորված, ստեղծագործական իր ընթացքն ունի:

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը «Ազատության» զրույցի ընթացքում շեշտում էր, որ աշխարհը պատուհասած համավարակի այս օրերին չի կարողանում ստեղծագործել, որովհետև շատ մեծ մտահոգություններ ունի՝ կապված թե՛ մեր երկրի, թե՛ մեր ժողովրդի, թե՛ առհասարակ ողջ մարդկության ապագայի հետ:

«Նկարիչները միշտ էլ իրենց արվեստանոցում են հիմնականում իրենց կյանքն անցկացնում, բայց, հավատացեք, այս տագնապը անհնար է, որ թեկուզ արվեստանոցում փակված, քո մեջ չմտնի և չանհանգստացնի։ Այս օրերին անընդհատ կտավիս առաջ նստած, չեմ կարողանում աշխատել։ Մարդիկ կան, որ գուցե կարողանում են․․․ Ահավոր ծանր պահ է ստեղծվել ստեղծագործելու համար․․․ մտահոգությունը իմը չէ, ընտանիքինն է, քո մտերիմներն են, վերջապես քո երկրի վիճակն է», - ասաց Շահումյանը՝ շարունակելով․ - «Մի քանի գործ արել եմ։ Նորից փորձեցի, բայց ահավոր ծանր է»։

Գեղանկարչին շատ է անհանգստացնում նաև համավարակի հետևանքով հոգեկան ապրումների, սոցիալական ծանր կացության մեջ հայտնված մարդկանց վիճակը․ - «Ավելի շատ դա է անհանգստացնում, որովհետև բժշակական տեղեկատվության համաձայն,առանձնապես կորոնավիրուսի հետ կապված մահվան դեպքեր չկան։ Հիմնականում մարդիկ են մահանում, որոնք բազմաթիվ այլ խրոնիկական հիվանդություններ և պատճառներ ունեն, նաև տարիքի հետ կապված։ Ես ուրիշ բանից եմ մտահոգ։ Մտահոգ եմ, որ վերջին մեկուկես-երկու տարին ժողովուրդը լավատեսական սպասելիքներ ուներ երկրի զարգացման, տնտեսական ու սոցիալական վիճակի բարելավման, ու հանկարծ այս չարաբաստիկ վիրուսը, որը ծնկի է բերել շատ հզոր երկրների, ինձ մտահոգում է, որ այդ սպասումները կարող են օգտագործվել Հայաստանի ապագայով այնքան էլ չհետաքրքրվող խմբավորումների կամ թշնամի ուժերի կողմից։ Հանկարծ չխաթարվի մեր իրականությունը։ Ցավալիորեն, օրինակ, այն օղակները, որոնք շատ թե քիչ ակտիվ են աշխատում, ամբողջ չարամտությունը գնում է այդ օղակների վրա։ Ինձ ավելի շատ մտահոգում է մեր երկրի վաղվա օրը, որ հանկարծ ժողովուրդը չհիասթափվի, չհուսահատվի։ Նաև իշխանությունները չհուսահատվեն, որովհետև շատերը երիտասարդ են, անփորձ են։ Բայց փորձը գործ մեջ է ձեռք բերվում։ Կարևորը, որ ազնիվ, նվիրումով լինեն։ Դա է կարևոր երկրի համար»։