Վարչապետը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ

Հայաստանում գտնվող՝ աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ այս տարին եղբայրական եզդի ժողովրդի համար նշանավորվի արևշատությամբ, բարօրությամբ և խաղաղությամբ:

Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը, հաղթահարելով ժամանակի փորձությունը, զարգացել և ամրապնդվել է՝ թողնելով մեզ հարուստ ժառանգություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա:

Հավատացած եմ, որ բարեկամ եզդի ժողովրդի հետ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ապահովել Հայաստանի առաջընթացն ու բարեկեցությունը», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում: