Կորոնավիրուսի համաճարակը ամենամեծ հարվածը կհասցնի համաշխարհաին տնտեսությունը 1930-ականների Մեծ դեպրեսիայից ի վեր, կանխատեսել է Արժույթի միջազգային հիմնադրամն այսօր հրապարակած զեկույցում:
Միջազգային փորձագետների գնահատականով, այս տարի համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 3 տոկոսով։ Փորձագետները փաստել են, որ ստիպված են վերանայել հունվարին հրապարակած զեկույցը, քանի որ վերջին երեք ամիսներին աշխարհում տնտեսությունը կաթվածահար է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Առողջապահական խնդիրներից բացի, շատ երկրներ հիմա կանգնել են նաև այլ մարտահրավերների` ֆինանսական ճգնաժամի և հումքային ապրանքների գների անկման և անորոշության առաջ», - փաստում է զեկույցը՝ հավելելով․ - «Որևէ մեկն այժմ չի կարող ճշգրիտ ասել, թե մեկուսացումից դուրս գալուց հետո ինչպիսին կլինի տնտեսական լանդշաֆտը»:
Հայաստանում, միջազգային կառույցի գնահատականով, այս տարի 1,5 տոկոս անկում կարձանագրվի, հաջորդ տարի` 4,8 տոկոս աճ։ Տարածաշրջանի մյուս երկրներից Վրաստանում այս տարի կանխատեսվում է 4,0 տոկոս անկում, 2021-ին՝ 3,0 տոկոս աճ։ Ադրբեջանում 2020-ին կանխատեսվում է 2,2 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 0,7 տոկոս աճ։