Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումն է հաստատել: Նոր որոշմամբ ընդլայնվել է այն շահառուների շրջանակը, որոնց փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները մասամբ կփոխհատուցվեն։
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ բնական գազի սպառման գծով 10 001-30 000 դրամ, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5001-10 000 դրամ։
Աջակցությունը տրամադրվում է 30 տոկոսի չափով։
Երեկ կառավարությունը հաստատել էր մեկ այլ ծրագիր, որի շահառու էին դառնում բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ 1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, 2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: 11-րդ միջոցառման շահառուներին աջակցություն կտրամադրվի 50 տոկոսի չափով։