ԱԳՆ. Հայաստանը թուրքական կողմին քաղաքացիների տեղափոխման հարցից զատ այլ աջակցության խնդրանքով չի դիմել

Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխման շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով, հայտնում է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած 73 քաղաքացիներ: Այս հարցում, ինչպես նկատում է Աննա Նաղդալյանը, ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ:

Թուրքական կողմը, սակայն, հայտարարում է, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից, և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը: Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայում Չինաստանի դեսպանը՝ Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար:

Նկատենք, որ օրերս Չինաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրա Արարատ լեռան հիշատակումն է, որը Թուրքիայի տարածքում է գտնվում և կոչվում է Աղրը լեռ: Բժշկական պարագաներով արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

«Հարկավոր է նշել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում: Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը: Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակը: