Էրդողանը շնորհավորել է քրիստոնյա քաղաքացիների Սուրբ Զատիկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է քրիստոնյա քաղաքացիների Սուրբ Զատիկը:

Նախագահական գրասենյակի հրապարակած շնորհավորական ուղերձում մասնավորապես ընդգծվել է քրիստոնյաների հետ հարյուրամյակների համակեցության մշակույթի շարունակականությունը, խղճի և դավանանքի ազատության սկզբունքի պահպանման կարևորությունը: Հիշատակվել է նաև վերջին տարիներին կատարված աշխատանքները՝ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու, Ստամբուլի Բալաթ շրջանում գտնվող բուլղարական ուղղափառ Երկաթե եկեղեցու վերականգնումը, վերջին տարիներին վնասված Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու և քաղդեական Մար Պետյուն եկեղեցու վերակառուցումը, փոքրամասնությունների համայնքներին պատկանող գույքի մասնակի վերադարձը:

Իր ուղերձում նախագահ Էրդողանը նաև երախտագիտություն է հայտնել քրիստոնյա համայնքներին կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման նպատակով իր նախաձեռնած դրամահավաքին միանալու համար և կարևորել այս դժվարին ժամանակաշրջանում բոլորի միասնականությունն ու փոխօգնությունը: